Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից հետաքրքրվեց, թե ինչու Գյումրի – Բավրա ճանապարհահատվածը, որն ամենավատ վիճակում է գտնվում, առաջնահերթ շինարարական ծրագրերից չէ:
Պատգամավորը միաժամանակ բարձր գնահատեց «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարությունը և հետաքրքրվեց, թե այդ տրանշները՝ տեղամասերը, ի՞նչ առաջնահերթությամբ են ընտրվում, և ինչու՞ առաջին ու երկրորդ տրանշները եղան Արտաշատ – Երևան և Երևան – Աշտարակ ճանապարհահատվածները:
«Կարելի էր Գյումրի-Բավրայից սկսել, այն ստրատեգիական ճանապարհ է, նաև՝ մեր հայրենակիցների՝ դեպի Ջավախք ելքումուտքի խնդիրն է լուծում»,- նշեց նա:
Առաքելյանն էլ պատասխանեց, որ երբ ծրագիրը հաստատվում էր Ասիական բանկի խորհրդատուների առաջարկությամբ, ցավոք, չկար զարգացած կարողություններ՝ այս պրոցեսներն առաջին օրվանից կառուցելու համար: Նա համաձայնեց պատգամավորի մտահոգությանը, բայց նշեց, որ այս տարիների ընթացքում իրենք ձեռք են բերել բավարար փորձ, որ վստահ անցնեն հետագա տրանշերին: «Ձեր դիտողությունն արդեն քննարկվում է, որ ժամանակավոր լուծում գտնենք՝ առանց մեծ, կապիտալ ներդրումների, ճանապարհը բերենք բարվոք վիճակի»,- ասաց նա: