ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հասարակության մեջ կարծիք կա ձեւավորված, որ մինչ ամուսնությունը սիրած էակի հետ եկեղեցի գնալը լավ նշան չէ: Հետաքրքիր է իմանալ, արդյո՞ք այն որեւէ հիմք ունի, թույլատրվո՞ւմ է միասին եկեղեցի այցելել, թե ոչ:

Սուսաննա Մխիթարյան (24 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ինչ վերաբերում է ընկեր-ընկերուհու հետ եկեղեցի չհաճախելուն, ապա դա սնոտիապաշտություն է եւ որեւէ հիմք չունի: Ընկերները, հատկապես, երբ նպատակ ունեն հետագայում իրենց կյանքը համատեղ անցկացնել, ոչ թե պետք է խուսափեն, այլ պարտավոր են հնարավորինս միասին շատ այցելել եկեղեցի, ճանաչեն Աստծուն, որպեսզի ստանան աստվածային օրհնությունը: Եվ այցելությունները չպետք է սահմանափակվեն զուտ մոմ վառելով, այլ պետք է մասնակցել եկեղեցական ծիսակատարություններին՝ ժամերգություններին, Ս. Պատարագին:

Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղեւոնդյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատելի է, որ վերջին շրջանում առավել մեծ տարածում են գտել սնոտիապաշտական դրսեւորումները, ինչը, բնականաբար, չի ընդունվում Հայ առաքելական եկեղեցու կողմից: Նման սին երեւույթներից զերծ մնալու համար հորդորում ենք մեր հայրենակիցներին հաճախ այցելել եկեղեցի եւ հնարավորինս հաղորդակից լինել հոգեւոր կյանքին:

 

 

ՀԱՐՑ. Ըստ օրենքի՝ աշխատողին քանի՞ օր առաջ պետք է տեղյակ պահել, որ նա ազատվում է աշխատանքից: Երբ նա ազատվում է հաստիքների կրճատման հետեւանքով, տրվո՞ւմ է արձակման նպաստ: Եթե այո, ապա ինչպե՞ս է հաշվարկվում արձակման նպաստը:

Դիանա Հունանյան (30 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվ. 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաեւ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը, նաեւ «արտադրության ծավալների ե՛ւ տնտեսական, ե՛ւ տեխնոլոգիական, ե՛ւ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման եւ արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի եւ հաստիքների կրճատման դեպքում»: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն, վերոնշյալ հիմքով «աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից:
Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու»:
Ինչ վերաբերում է ծանուցման ժամկետներին, ապա ՀՀ ԱՕ 115-րդ հոդվ. 1-ին մասի համաձայն, վերոնշյալ հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան 2 ամիս առաջ:
Արձակման նպաստը սահմանվում է ՀՀ ԱՕ 129-րդ հոդվածով, որի 1-ին մասի համաձայն, «Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի … 2-րդ … կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով»:

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ ՀՀ կառավարությունն իր ծրագրերում խոստանում է աշխատատեղեր բացել, իրավիճակը հետզհետե վատթարանում է եւ գործազրկությունն աճում: ՀՀ ԱՎԾ-ի տվյալներով՝ անցած տարի պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը եղել է 87.4 հազար:

 
ՀԱՐՑ. Կցանկանայի իմանալ, թե կոնկրետ ո՞ր շենքերն ու շինություններն են համարվում գույքահարկով հարկվող օբյեկտներ, եւ խնդրում եմ ասեք, թե գույքահարկով հարկման բազան շենքերի եւ շինությունների համար ո՞րն է:

Գարիկ Գաբրիելյան (54 տարեկան, ինժեներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ համաձայն «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` գույքահարկով հարկվող օբյեկտ են համարվում.
ա) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները.
բ) բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքները (նկուղ, կիսանկուղ, բացվածք, ձեղնահարկ, վերնահարկ եւ այլն).
գ) անհատական բնակելի տները, այգետնակները (ամառանոցները) եւ դրանց կից օժանդակ շինությունները.
դ) առանձին կանգնած ավտոտնակները.
ե) հասարակական նշանակության շինությունները.
զ) արտադրական նշանակության շինությունները.
է) սեփականության կամ հողoգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը եւ շինությունները, այդ թվում` բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները:
Հայտնում ենք, նաեւ շինությունների հարկման բազա է համարվում «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով գնահատված կադաստրային արժեքը՝ արտահայտված ՀՀ դրամով:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի հավելվածով՝ շինությունները եւ դրանց կից շինությունները, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական ու արտադրական նշանակության շինությունները, առանձին կանգնած հասարակական, արտադրական նշանակության եւ դրանց կից շինությունները դասվում են ավարտվածության երեք աստիճանի. մինչեւ 50% ավարտվածության աստիճան ունեցող շինություններ, 50-80% եւ 80 եւ ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինություններ:




Լրահոս