Համոզվա՞ծ եք, որ հիմա ատկատներ չկան. Ն. Փաշինյանը՝ տրանսպորտի փոխնախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին հարց ուղղելիս նշեց, որ նախկինում այս ոլորտում ատկատների մասին շատ էր խոսվում, և հետաքրքրվեց, թե արդյոք հիմա մարդիկ համոզված են, որ ատկատներ չպիտի տան, և եթե համոզված են, ապա ինչի հաշվին: Նա նշեց, որ վերջին տարիներին չեն տեսել ինչ-որ քայլեր, որոնք լայն հանրությանը պիտի համոզեին, որ այս դաշտում կոռուպցիոն ռիսկեր չունեն: Նա անդրադարձավ նաև Հայաստանին տրամադրվող վարկին և ցանկացավ ճշտել մանրամասները:

«Չեն եղել փաստեր, որոնք մեզ կտան փաստարկներ, որ ատկատների մեխանիզմն արմատախիլ է արված, հակառակը՝ հանրային կարծիքի ոլորտում խորը համոզմունք կա, որ դրանք, ինչպես եղել են, այնպես էլ կան»,- ասաց նա:

Առաքելյանը նշեց, որ Ասիական զարգացման բանկի կողմից ՀՀ-ին արտոնյալ վարկ է տրվել, և որևէ պարտավճար դրա մասհանման կամ մասհանման ուշացման համար նախատեսված չէ, այսինքն՝ վնասի փոխհատուցում ուշ մասհանման համար չի եղել:

«Ես նշեցի, որ սա նոր ծրագիր էր, և կարողություն զարգացնելու խնդիր կար, սակայն հետագա տրանշները վստահ ենք մտնում, ու այլևս Եվրոպական ներդրումային բանկից ներգրավվող գումարն էդ մասով արտոնյալ չէ: Եթե ուշացնենք մասհանումները, համապատասխան բանկը վարկային միջոցները պիտի ճիշտ պլանավորի, այսինքն` մենք կփոխհատուցենք, սակայն հետագա խնդիրներ չենք ունենա՝ այլևս գիտենք` ինչ ենք անում»,- ընդգծեց նա:

Առաքելյանը վստահեցրեց՝ իրենք կկարողանան դեկտեմբեր ամսին Արտաշատ – Աշտարակ հատվածն ավարտել: Ատկատներին անդրադառնալով՝ նա նշեց, որ ռիսկերը մեղմելու համար գործում են բավական թափանցիկ, և շուտով այս ծրագրի շրջանակներում նոր մրցույթներ կհայտարարվեն:




Լրահոս