Մայիսի 17-ին Վերնիսաժ տոնավաճառում հնչած կրակոցների գործով կասկածյալ Ներսես Մելքոնյանը կալանավորվեց երկու ամիս ժամկետով՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը):
Սրանով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախաքննական մարմնի որոշումը:
Ն.Մելքոնյանի պաշտպան Արմեն Խաչատրյանը armlur.am-ի հետ զրույցում դատարանի նման որոշումը որակեց որպես ինչ-որ մեկին քավության նոխազ դարձնելու փորձ: Պաշտպանը համոզված է, որ նախաքննական մարմնի որոշումը բացառապես անհիմն էր, և Ներսես Մելքոնյանին մեղսագրվող արարքի որևէ ապացույց դեռևս չի ներկայացվել: Ա.Խաչատրյանի խոսքերով, ապացույց չի եղել ոչ միայն որոշման մեջ, այլև այն չի ներկայացվել դատարան:
«Ներսես Մելքոնյանը ձերբակալվել է հունիսի 6-ին` ժամը 3-ին, մինչդեռ դատական նիստի քննարկումը սկսվել է ժամը 3 անց 10 րոպե, այսինքն` 72 ժամը լրացած է եղել: Դատարանի որոշման հիմնավորման մասին դեռևս ոչ մի տեղեկություն չունեմ, քանի որ չեմ ստացել: Նիստի ժամանակ հիմնավորումներ չեն հրապարակվել: Այն, որ Ներսես Մելքոնյանը չորս հրազենային վնասվածքներ ունի և ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածք, հիմնավորումների մասին խոսելն ավելորդ է: Ներսեսը պետք է լինի ոչ թե ամբաստանյալի աթոռին, այլ` տուժողի»,- վստահեցրեց պաշտպանը:
Վերջինիս դիտարկմամբ` Ներսես Մելքոնյանը չէր կարող հրահրել գործով մյուս մեղադրյալ Գոռ Առաքելյանի հնչեցրած կրակոցները:
Հիշեցնենք, որ Գոռ Առաքելյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1, 6, 10 կետերի հատկանիշներով` «խուլիգանական դրդումներով սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» (ըստ օրենսգրքի, պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից քսան տարի ժամկետով) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «ապօրինի կերպով ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» (3 ամիս կալանքից մինչև երեք տարվա ազատազրկում), և նա կալանավորված է:
«Այդ հրահրելն էլ կոնկրետ այս դեպքին չենք կարող վերագրել, քանի որ չեմ կարծում ինչ որ մեկը կհրահրի հրազենով չորս կրակոց արձակեն իր վրա, երկու կրակոց ընկերոջ վրա: Դա աբսուրդ է: Միանշանակ բողոքարկելու ենք, քանի որ անհիմն որոշում է»,- իր խոսքում նշեց Ներսես Մելքոնյանի պաշտպան Արմեն Խաչատրյանը:
Պաշտպանը համոզված է, որ դատարանի նման որոշումը կապված է դեպքի հնչեղություն ստանալու հետ, քանի որ, նրա խոսքերով, հասարակության որոշակի հատված բողոքներ ու պահանջմունքներ ունի, իսկ որոշակի անձինք այլ ցանկություններ ունեն:
«Ներսեսը հիվանդանոցից դուրս է գրվել: Ամսի 6-ին ձերբակալվել է, և մինչ այսօր երեք անգամ շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է թիվ մեկ կլինիկական հիվանդանոց` ստանալու բուժօգնություն, քանի որ նրա վերքերը դեռևս չեն առողջացել, արյունահոսում են: Անձը ֆիզիկապես շատ վատ վիճակում է գտնվում` ունի թմրածություն գլխապտույտ, սրտխառնոց, ձախ ոտքի շրջանում ցավեր, ջերմություն: Այդ ամեն ինչը որ ես ասում են, օդի մեջ չեմ ասում. կան համապատասխան բժշկական փաստաթղթեր, որոնք մենք ներկայացրել ենք դատարան, դատարանն էլ, նման որոշում կայացնելով, հաշվի չի առել այդ հանգամանքները: Երևի` գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունում շատ քիչ հարցերի շրջանակներ կան, որ դատարանները փորձում են իրենք լուծել: Այս հարցն այդ շրջանակներից շատ հեռու է»,- եզրափակեց պաշտպան Արմեն Խաչատրյանը:
Տաթև Հարությունյան