ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 9-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի գլխավորած պատվիրակություններին:
Հանդիպման ընթացքում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է նախարարին իրենց նկատառումները «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» օրենքի նախագծի վերաբերյալ և կարևորել է, որ ապագա օրենքն ապահովի միջազգային չափանիշներին համապատասխանեցումը:
Նա շնորհակալություն է հայտնել նախարարին այդ նկատառումները հաշվի առնելու համար: Դեսպանը հույս է հայտնել, որ օրինագծի հետագա լրամշակմանը կմասնակցեն բոլոր շահագրագիռ կողմերը և այն կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին: ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը նույնպես կարևորել է ՀՀ վերահսկիչ պալատի վերաբերյալ լրամշակված օրենք ունենալը՝ պատրաստակամություն հայտնելով գործուն աջակցություն ունենալ այդ հարցում: Նախարարը անդրադարձել է ներկաների նկատառումներին՝ վստահեցնելով, որ կձեռնարկի գործուն միջոցներ միջազագային չափանիշների ներդրման հարցում: Նա համոզմունք է հայտնել, որ օրենքի լրամշակման նպատակը լինելու է ՀՀ Վերահսկիչ պալատի գործունեության արդյունավետության բարձրացումը:
ՀՀ արդարադատության նախարարություն