Ինչպես արդեն հայտնի է, հունիսի 1-ից Հայաստանում դադարեցվել է լարային ռադիոհեռարձակումը:
Armlur.am-ը ռադիոցանցերի ծառայության ղեկավար Համլետ Գրիգորյանից պարզեց` որոնք են լարային ռադիոյի հեռարձակման դադարեցման պատճառները: Մեր զրուցակիցն ասաց, որ ինքը իրավասու չէ և չի կարող շատ հարցերի պատասխանել:
Համլետ Գրիգորյանը նախ ասաց, որ իրենց ընկերությունն առանձին ընկերություն չէ, այլ՝ արտադրամաս, որը ինքնուրույն ֆինանսական գործունեություն չի ծավալում:
Ռադիոցանցերի ծառայության ղեկավարի խոսքերով` լարային ռադիոսարքավորումները հին են` 30-40 տարվա վաղեմության: Բնականաբար, առանց լրացուցիչ ներդրումների՝ դժվար է շահագործելը:
Պրն. Գրիգորյանի խոսքով` լարային ռադիոն ուներ ավելի քան 7000 բաժանորդ:
«Լարային ռադիոյի ծառայությունից օգտվելու համար մարդիկ ամսական վճարում էին 200 դրամ, իսկ իրավաբանական անձինք՝ 400-600 դրամ, նայած թե քանի կետ ունեին: Մինչև 10 կետի համար վճարում էին 600 դրամ»,- մանրամասնեց Համլետ Գրիգորյանը` հավելելով, որ օգտվողները դժվարանում էին անգամ այդ 200 դրամը վճարել:
Ինչ վերաբերում է ֆինանսական խնդիրներին, Գրիգորյանի խոսքով` ֆինանսական խնդիրներ եղել են և կան:
«Կարիք կա այլ մոտեցումների, եթե լարային ցանցի անհրաժեշտությունը լինի մեր իրականության մեջ»,- ասաց ռադիոցանցերի ծառայության ղեկավարը: