Այսօր մարդկության պատմության մեջ ամենամեծ զորավարներից մեկի` Ալեքսանդր Մակեդոնացու մահվան օրն է:
Ծնվել է մ.թ.ա. 356-ին, մահացել` մ.թ.ա. 323թ.: Ծնվել է Մակեդոնիայի մայրաքաղաք Պելլայում, ժառանգել է գահը 20 տարեկան հասակում։ Ստեղծել է հին աշխարհի ամենամեծ կայսրություններից մեկը, որը ձգվում էր Հոնիական ծովից մինչև Հիմալայներ։
Ալեքսանդրը թագադրվել է որպես Մակեդոնիայի թագավոր իր հոր՝ Փիլիպոս II Մակեդոնացու սպանությունից հետո։ Ժառանգել է կայացած պետություն և հզոր բանակ, որի շնորհիվ նրան հաջողվել է իրականացնել ռազմական և քաղաքական պատվախնդիր ծրագրեր։ Մ. թ. ա. 334 թ. Ալեքսանդրը ներխուժել է Առաջավոր Ասիա, որը պարսկական տերության մասն էր կազմում, և սկիզբ է դրել իր հաղթական, 10 տարի տևած Արևելյան արշավանքին։ Ալեքսանդրի տարած հաղթանակների արդյունքում Պարսկաստանի տերությունը ջախջախվել է։ Նա գահընկեց է արել Պարսկաստանի արքա Դարեհ III Աքեմենյանին և հռչակել իրեն Ասիայի տիրակալ։
Տոգորված լինելով ամբողջ աշխարհին տիրանալու գաղափարով և «Համաշխարհային օվկիանոսին» հասնելու երազանքով՝ Ալեքսանդրը մ.թ.ա. 326 թ. մուտք է գործել Հնդկաստան, գրավել Պենջաբը։ Սակայն իր հյուծված ու դժգոհ զորքի պահանջով դադարեցրել առաջխաղացումը ու վերադարձել Պարսկաստան։
Ալեքսանդր Մակեդոնացին թողել է հարուստ ժառանգություն։ Իր իշխանությունն ամրապնդելու համար հիմնել է մոտ 70 քաղաք–գաղութներ, որոնց մեծ մասը կրում էր «Ալեքսանդրիա» անունը։ Նրա ռազմական ու տնտեսական նվաճումների շնորհիվ ստեղծվել է նոր տիպի համախշարհային կայսրություն, որտեղ արևմտյան ու արևելյան քաղաքակրթությունները միաձուլվեցին հելլենիստական մշակույթիի ներքո։ Չնայած նրա կայսրության կարճատև գոյությանը՝ Ալեքսանդր Մակեդոնացու ջանքերի շնորհիվ հելլենիստական մշակույթի տարածումը դարձավ անդառնալի, և այն հետագայում հանդիսացավ Եվրոպայի ու Առաջավոր Ասիայի քաղաքակրթությունների հիմքը։
Մակեդոնացու ներդրումը համաշխարհային ռազմագիտության մեջ համարվում է անգերազանցելի և մինչ այժմ կիրառական նշանակություն ունի։