Հայաստանի բռնցքամարտի եվ ծանրամարտի հավաքականները հավաք են անցկացնում Աբովյանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարվա գլխավոր իրադարձությունը Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերն են: Ինչպես միշտ, Հայաստանը մեծ հույսեր է կապում անհատական սպորտաձևերի հետ, որոնց թվում են նաև բռնցքամարտը և ծանրամարտը:Վերոնշյալ մարզաձևերի տղամարդկանց հավաքականներն այս օրերին մարզվում են Աբովյան քաղաքի մարզահամալիրում: Հիշեցնենք, որ եթե ծանրամարտի հավաքականն արդեն գրանցել է օլիմպիական ուղեգրերի քանակը, և մնում է միայն բաշխել դրանք թիմի ներսում, ապա բռնցքամարտի հավաքականը դեռ պետք է պայքարի օլիմպիական ուղեգրերի համար: Ինչպես հայտնի է, Հայաստանի բռնցքամարտի հավաքականից առայժմ միայն Անդրանիկ Հակոբյանն է նվաճել բաղձալի ուղեգիրը:Մարզումային գործընթացին ավելի լավ ծանոթանալու համար մարզական լրագրողների մի խումբ այսօր այցելել է Աբովյան քաղաքի մարզահամալիր: Առավոտյան մարզմանը ներկա է գտնվել նաև ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, ով զբաղեցնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը:Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ այսօր կարճ մարզում է անցկացրել, քանի որ վաղը ստուգողական հանդիպում է ունենալու Վրաստանի հավաքականի հետ, որը ևս հավաք է անցկացնում Աբովյանի մարզահամալիրում և այսօր Հայաստանի հավաքականի հետ մարզվել է միևնույն մարզասրահում: Վարժությունների ծրագրից հետո մեր բռնցքամարտիկները կարճ մարզում են անցկացրել, յուրաքանչյուրն իր անձնական մարզչի հետ:Այդ ժամանակ Հայաստանի ծանրամարտի հավաքականը մարզվել է հարևան սրահում: Մեր ծանրամարտիկները օպտիմալ մարզավիճակում են և այսօր լիարժեք մարզում են անցկացրել: Ինչպես հետո լրագրողներին խոստովանեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը գրեթե ամեն օր այցելում է մարզահամալիր` ծանոթանալու նախապատրաստական փուլի ընթացքին:Ավելի ուշ կներկայացնենք ծանրամարտի և բռնցքամարտի հավաքականների գլխավոր մարզիչների հետ հարցազրույցները:




Լրահոս