Սերժ Սարգսյանը մերժել է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը մտադիր է չստորագրել եւ արդեն առարկություններով հետ է վերադարձրել «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքը:

Նշենք, որ ԱԺ-ն, մայիսի 19-ին 88 կողմ, 32 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել էր օրենքը եւ համաձայն ՀՀ Սահմանադրության՝ նախագահը պետք է 21-օրյա ժամկետում ստորագրությամբ վավերացնի օրենքը կամ հետ վերադարձնի ԱԺ: Վերջնաժամկետն արդեն ավարտվել է եւ Ս.Սարգսյանն այն մերժել է՝ նոր ստեղծվող մարմնի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

Այսինքն՝ 2014թ. պետական բյուջեում նախատեսված չեն համապատասխան գումարներ քննչական մարմնի աշխատակիցների համար: Բանն այն է, որ նրանց համար նախատեսված էր բավականին բարձր աշխատավարձ: Իհարկե, այստեղ հարց է առաջանում, թե այդ դեպքում ի՞նչ տրամաբանությամբ կառավարությունը մայիսի 22-ի նիստում ընդունեց քննչական կոմիտեի շենքի վերանորոգման նպատակով 27,5 մլն դրամ գումար հատկացնելու մասին որոշումը: Գուցե այդ գումարով կառավարության հաշվեկշռում գտնվող շենքի վերանորոգումը այլ նպատակի՞ պետք է ծառայի:

Ինչեւէ, դժվար է միանշանակ պնդել՝ ֆինանսական միջոցների՞, թե՞ ուղղակի ցանկության բացակայությունն է պատճառը, որ այսքան մեծ աղմուկ հանած նախագիծն այսպես անաղմուկ ավարտ ունեցավ: Թեեւ կոմիտեի՝ նման վերջաբանը կարելի էր կանխատեսել դեռ անցալ տարի՝ կոմիտեի կազմից ՊԵԿ-ի քննչական մարմնի դուրս բերման ժամանակ: Այդ պահից, թերեւս, կանխորոշված էր Քննչական կոմիտեի ճակատագիրը, իսկ հետագա գործընթացն ընդամենը ծավալվում էր Աղվան Հովսեփյանին զբաղեցնելու համար»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:               




Լրահոս