Երեկ հայտնի դարձավ, որ «Բանգլադեշցի Համո» մականունով հայտնի Աշոտ Ավետիսյանն ազատ է արձակվել: Դատախազությունը որոշել է փոխել Համոյի խափանման միջոց կալանքը եւ նրա նկատմամբ կիրառել քաղաքից չհեռանալու ստորագրությունը: Հիշեցնենք, որ մինչ այդ էլ բազմաթիվ աղմկահարույց պատմություններով հայտնի, հանցանքներ գործած, սակայն այդպես էլ պատիժը չկրած Բանգլադեշցի Համոն անազատության մեջ էր հայտնվել այն բանից հետո, երբ հունվարի 18-ին ծեծի էր ենթարկել իր «ԲՄՎ X6»-ին բախված «ՎԱԶ 21-07» մակնիշի մեքենայի վարորդին: Անշուշտ, նման պատմությունները Համոյի դեպքում նորություն չէին, սակայն այս անգամ իշխանությունները որոշեցին աչք չփակել եւ Համոյի նկատմամբ առաջադրեցին խուլիգանության մեղադրանք, որը զուգորդվել է միջին ծանրության վնասվածքներ հասցնելով, ապա այն էլ ավելի խստացրեցին` մինչեւ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որի համար նախատեսվում է մինչեւ 7 տարվա ազատազրկում: Այս փաստը գնահատվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ սկսված ճնշումների համատեքստում` հաշվի առնելով այն, որ Համոն Գագիկ Ծառուկյանի սանիկն է: Առհասարակ վերջին երկու ամիսներին ԲՀԿ-ականների նկատմամբ սանձազերծված ոստիկանական ճնշումների, թմրադեղեր «հայտնաբերելու» եւ «գործ սարքելու» ավանդական «հին ու բարի» մեթոդների կիրառումը ցույց տվեց, որ այս իշխանությունների համար էլ, չնայած նրանց գեղեցիկ ճառերին, հարցերը լուծելու եւ քաղաքական պայքարում սեփական հաղթանակին հասնելու միակ ձեւը հակառակորդներին ուժայինների միջոցով վախեցնելն է: Ուզում ենք եւս մեկ անգամ շեշտել, որ կոնկրետ Համոյի դեպքում ոչ ոք չի մտածում, որ նա սուրբ էր եւ չէր կարող մարդուն դաժանաբար ծեծել: Նրա ունակությունների առաջին բենեֆիսին հանրությունն ականատես է եղել դեռեւս 2004թ. ապրիլին, երբ նա ու իր սափրագլուխները «Կինո Նաիրի»-ի մոտ ձվեր էին նետում Արտաշես Գեղամյանի ուղղությամբ, խլում ու ջարդում լրագրողների տեսախցիկները: Սակայն Համոյի ինչպես այդ, այնպես էլ մնացած «քաջագործությունները» ոչ միայն չպատժվեցին, այլեւ հակառակը` պարգեւատրվեցին` ի դեմս 2004-ից Համոյի ձեռք բերած հսկայական ազդեցության ու բիզնեսների` այդ թվում հայտնի «Նեպտուն» մարզահամալիրի եւ Երեւանի կենտրոնում գտնվող էլիտար շենքերի ամբողջական հարկաբաժինների: Եւ հիմա, որքան էլ ոստիկանությունը փորձեց հեռուստատեսությամբ ու մամուլում ներկայացնել Համոյի այս վերջին ձերբակալության հիմնավորումները, որքան էլ համապատասխան ատյանները կոչ արեցին այդ ձերբակալության տակ քաղաքական աստառներ չփնտրել, դատախազության կողմից երեկ կայացված խափանման միջոցը փոխելու որոշումն ավելորդ անգամ հաստատեց, որ Բանգլադեշցի Համոյի ձերբակալության հիմնական նպատակը ԲՀԿ-ականներին ճնշելն էր: Եւ, քանի որ վերջիններս ոչ միայն չճնշվեցին, այլեւ ԱԺ նիստերը բոյկոտելու քայլով հստակ հասկացրեցին, որ ԲՀԿ-ի հետ նման խաղերը կարող են անկանխատեսելի հետեւանքներ ունենալ, արդյունքում Համոն հայտնվեց ազատության մեջ:
ՆՈՒՅՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ