«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը գրել էր ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալի մահվան եւ դրանից ստեղծված լարված իրավիճակի մասին:
Եվ ահա, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Կոշ» ՔԿՀ-ի գլխավոր բժշկին հեռացրել են աշխատանքից: Մեզ հասած տեղեկություններով՝ գլխավոր բժշկի հեռացման պատճառը կապված է ՔԿՀ-ի դատապարտյալ Արտավազդի անսպասելի եւ առեղծվածային մահվան հետ:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Արտավազդի բերանից արյուն էր եկել եւ ՔԿՀ աշխատակիցները ստիպված էին եղել նրան շտապ տեղափոխել Աշտարակի բժշկական կենտրոն: Աշտարակում Արտավազդին հետազոտել էին եւ ասել, թե որեւէ լուրջ խնդիր չկա: Իսկ հաջորդ օրը դատապարտյալը մահացել էր:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ «Կոշ» ՔԿՀ-ի գլխավոր բժշկին չեն հեռացրել, այլ, պարզապես, տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ, քանի որ այնտեղ ազատ տեղ է եղել: Նշենք, որ բացի գլխավոր բժշկից, մի քանի բժիշկների տեղափոխություն էլ է եղել, ինչը Գոռ Ղլեչյանը եւս հաստատեց»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: