
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրներից նախօրեին հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է ՎՏԲ բանկի տնօրեն Վալերի Օվսյաննիկովը, քանի որ ռուսաստանյան ղեկավարները դժգոհ են նրա աշխատանքից: Մեկ օր «Ժողովուրդ»-ի զանգն անպատասխան թողնելուց հետո երեկ ՎՏԲ բանկից հաստատեցին մեր լուրը` ճշտումով, որ տնօրենը ոչ թե ազատվել է, այլ ինքնակամ հեռացել` այլ աշխատանք կատարելու: «Փետրվարի 1-ից ՎՏԲ բանկի տնօրեն, տնօրինության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Յուրի Գուսեւը, ով 2009թ.-ից զբաղեցնում էր բանկի ֆինանսական տնօրենի պաշտոնը»: Թեեւ բանկը տնօրենի հեռացման վերաբերյալ այլ մանրամասներ մեզ պաշտոնապես չհաղորդեց, այնուամենայնիվ, մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Օվսյաննիկովը հեռացվել է աշխատանքից` Հայաստանում ռուսական մի շարք կարեւոր ծրագրեր չֆինանսավորելու համար: