Ի՞նչ կերպ միջամտեց վարչապետը դատապարտված անչափահասների ազատ արձակման գործին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ դռնփակ դատական նիստ անցկացվեց: Վճիռ կայացվեց, որով Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի ավագ դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սևակ Բադալյանի և աշակերտների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով 1 տարվա ազատազրկման դատապարտված 17-ամյա Մեսրոպ Գրիգորյանը և 6-ական ամսվա ազատազրկման դատապարտված Արկադի Պողոսյանն ու Աբրահամ Շահինյանն ազատ արձակվեցին:

Վերաքննիչը մերժեց անչափահասների պաշտպանի բողոքը, որով նա պահանջում էր բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, և նրանց անմեղ ճանաչել: Դատարանը որոշեց անչափահաս տղաների պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան` 1 տարի ժամկետով:

Armlur.am-ի հետ զրույցում պաշտպան Ա. Ստեփանյանը հայտնեց, որ ինքը դեռ սպասում է դատարանի որոշման հիմնավորումներին, որպեսզի կարողանա ապացուցել դրանց` չպատճառաբանված լինելy:

«Այդ որոշումը միանշանակ բողոքարկելու ենք Վճռաբեկ դատարան, քանի որ բողոքս հիմնված էր արդարացման պահանջի վրա»,- ասաց պաշտպանը:

Իսկ այն հանգամանքը, որ շատերը Վերաքննիչի որոշումը կապում են վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարության հետ, թե ինքն անձամբ կուսումնասիրի գործը և հարցին իրավական լուծում կտրվի, փաստաբանը որակեց այսպես.

«Ինքն անգամ շատ մեծ ցանկության դեպքում չէր կարող միջամտել: Վարչապետն ասել է` ուշադրության կենտրոնում կպահեն, բայց նրա միջոցով դրան իրավական լուծում չէր կարող տրվել, դա դատարանը պետք է որոշի: Հիմա էլ Վճռաբեկը կարող է մերժել, հետո կգնանք Եվրոպական դատարան, չեմ կարող ասել` ինչը կփոխվի, ինչը` ոչ: Բայց ես, միևնույն է, համոզված եմ, որ Վերաքննիչի նման որոշումն անհիմն է»,- պարզաբանեց անչափահասների պաշտպան Ա.Ստեփանյանը:

Հիշեցնենք` Մ. Գրիգորյանին, Ա. Շահինյանին և Ա. Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2013 թվականի սեպտեմբերի 26-ին` ժամը 13:30-ի սահմաններում, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վիճաբանել են ուսուցիչ Սևակ Բադալյանի հետ և ծեծի ենթարկել վերջինիս:

Մայիսի 13-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով վերոնշյալ անչափահասները մեղավոր են ճանաչվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և դատապարտվել են համապատասխանաբար մեկ տարի և 6-ական ամիս ազատազրկման:

Ավելի ուշ անչափահասների պաշտպան Ալիկ Ստեփանյանը դիմել էր Վերաքննիչ քրեական դատարան, որպեսզի դատարանն անչափահասների նկատմամբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` դեկտեմբերի 3-ի` խափանման միջոց կալանքի որոշումը չեղյալ հայտարարի և կայացնի արդարացման դատավճիռ, քանի որ, փաստաբանի համոզմամբ, առաջին ատյանի դատարանի որոշումն անհիմն է:

Տաթև Հարությունյան




Լրահոս