1+1+1+1 ԵՎ ՍԱՍՈՒՆԸ ԿԴԱՌՆԱ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդանի առաջին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը երեկ ամփոփեց քարոզարշավը եւ Սահմանդրության հրապարակում հանդիպեց ընտրողների հետ: Եւ ի հեճուկս իշխանական ահաբեկչության` պետք է նկատել, որ հրապարակը բավականին մարդաշատ էր:
Միքայելյանին սատարելու էին գնացել նաեւ ՀԱԿ ներկայացուցիչներ Դավիթ Շահնազարյանը, Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը եւ այլոք: Նրանք մարդկանցից խնդրում էին մեկ բան. չվախենալ ու չընկճվել:
«Ուր էլ ինձ ուղարկել եք` լինի ազատամարտիկ, քաղաքապետ, պատգամավոր, թե կալանավոր, ես հարազատ եմ մնացել իմ գաղափարներին ու ընտրողներին: Ես իմ քննությունը տվել եմ, մնում է` դուք տաք ձեր գնահատականը»,-դիմելով հավաքվածներին` հայտարարեց Սասուն Միքայելյանը: Նա շնորհակալություն հայտնեց ներկաներին, որ մտահոգված են քաղաքի, իրենց երեխաների ճակատագրով, ու չբացառեց, որ կգա մի օր, երբ հրապարակում հավաքվածները «հերոսի կոչում» կստանան, քանի որ հաղթահարելով վախի մթնոլորտը` եկել ու կանգնել են այդտեղ: «Ես եկել եմ` վախի մթնոլորտը հանեմ, վստահություն ներշնչեմ ձեզ, ասեմ, որ այս տարին լինելու է հավատի վերականգնման տարի»,-վստահեցրեց Միքայելյանը` խոստանալով, որ ընտրվելուց հետո քաղաքապետարանի շենքից վռնդելու է «մարդկանց, որոնք ճնշում են ժողովրդին, որի համար կյանք եմ տվել, դուք ազատ ապրելու իրավունք ունեք»: «Հաղ-թա-նա’կ, հաղ-թա-նա’կ»` վանկարկեցին ներկաները:
Նշենք, որ Արամ Դանիելյանն այսօր համերգ է կազմակերպել, եւ քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն խոստացավ ներկա գտնվել իշխանական թեկնածուի «վերջին զանգին»` նրան հանդիսավոր կերպով ճանապարհելու համար: Միքայելյանը նաեւ խոստացավ ընտրություններից հետո Դանիելյանին «էլեկտրիկի» աշխատանքի տեղավորել:
Ի դեպ, Միքայելյանը գործող քաղաքապետ Դանիելյանին բանավեճի հրավիրեց, սակայն դժվար թե նա համարձակվի բանավիճել Սասունի հետ:
Ելույթ ունեցավ նաեւ «ՀԺ»-ի խմբագիր, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը, ով ներկաներին բացատրեց Սասուն Միքայելյանի ընտրվելու իր մոդելը. «Կիրակի օրը թող քաղաքապետ դառնա նա, ում կընտրի քաղաքացին: 1+1+1+1 եւ Սասուն Միքայելյանը կդառնա քաղաքապետ»: Իսկ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ասաց, թե չգիտի` իր փոխարեն այսօր այստեղ Վազգեն Սարգսյանն ինչ կասեր: Բայց ընտրություններից հետո անպայման կշնորհավորեր Սասուն Միքայելյանին: Նա քաղաքապետի պաշտոնի համար պայքարող մյուս թեկնածուին խորհուրդ տվեց նույն բանն անել ընտրություններից հետո:
ՀԱԿ ներկայացուցիչ, դերասան Աշոտ Ադամյանն էլ ավելացրեց, թե միայն լավ մտքով կարելի է լավ գործեր ստեղծել, իսկ ստրկամտությամբ լավ գործեր չես անի:
Հիշեցնենք, որ ընտրությունները տեղի կունենան այս կիրակի:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս