Հարավկովկասյան երկաթուղիների ուղևորափոխադրումների ծավալն ավելացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի տնօրեն Վիկտոր Ռեբեցն այսօրվա մամլո ասուլիսում ասաց, որ  երկաթուղային  ուղևորափոխադրումների  զարգացումը մշտապես  գտնվում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի ուշադրության կենտրոնում, որը նպաստում  է քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքի իրականացմանը:

Վիկտոր Ռեբեցի խոսքով` երկաթուղին    աստիճանաբար բարձրացնում է  ուղևորներին մատուցվող ծառայությունների որակը և գնացքներում հարմարավետության  մակարդակը: « Նախորդ տարի մենք  մեր ուղևորներին առաջարկեցինք   Wi-Fi կապ, իսկ ննջավագոների  ուղևորներին  անվճար տրամադրվում էին sim քարտեր: Այս տարի ևս նախատեսվում է ընդլայնել Երևան-Բաթում գնացքի ուղևորներին մատուցվող ծառայությունների  շրջանակը: Մասնավորապես Wi-Fi կապը գործելու է նաև բարձր հարմարավետությամբ խցերում, կտարբերակվեն  պլացկարտի անկյունային  և սովորական տեղերի գները»,- ասաց  Վիկտոր Ռեբեցը` հավելելով, որ ծառայությունների որակի բարձրացման հետ կապված`  մեծացել է նաև  ուղևորափոխադրումների ծավալը. 2013-ին արձանագրված արդյունքների համաձայն`ուղևորափոխադրումների ծավալը 2008-ի համեմատ աճել է 219 տոկոսով՝ մինչև 60,2 հազար ուղևոր:

Ի դեպ, ինչպես ասաց  «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի տնօրենը,  գնային  էական տատանումներ չեն սպասվում, և արդեն երեք տարի է` չեն եղել:

Մյուս ձեռքբերումը,  որի մասին խոսեց Ռեբեցը, այն է, որ  2012-ից միջազգային գնացքների  տոմսերը վաճառվում են նաև ինտերնետով: Կոնտեյներով բեռների փոխադրումների ծավալը մեծացել է, որը պայմանավորված է Վերին Լարսի անցակետի փակմամբ:

Հարցին`  երբ է հնարավոր Կարս-Գյումրի երկաթծի շահագործումը,  պրն Ռեբեցը պատասխանեց, երկաթգիծը հենց այսօր էլ կարող  է շահագործվել, ենթակառուցվածքները լիովին պատրաստ են շահագործման,  պարզապես սահմանը  փակ է, ու  չկան  հարաբերություններ  երկու երկրների` Հայաստանի և Թուրքիայի  միջև:

Արդյոք Վերին Լարսի անցակետի փակումը  նպաստել է ուղևորափոխադրումների ծավալի մեծացմանը: Ռեբեցի խոսքով` այս տարվա մայիս ամսին ուղևորափոխադրումների ծավալը մեծացել է, բայց ասել, թե դա  Վերին Լարսի փակման հետ է կապված, միանշանակ դժվար է ասել, բայց կոնտեյներով բեռների տեղափոխման ծավալների մեծացումը կարելի է պայմանավորել Լարսի անցակետի փակմամբ:




Լրահոս