ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ` ԱԺ-ՈՒՄ
Առաջիկա խորհրդարանական ընտրությունների առիթով սկսել են ակտիվանալ գործող կրոնական կազմակերպությունները: Այս մասին երեկ հայտարարել է «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոն»-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը. «Աղանդավորական կառույցները ենթարկվում են իրենց հովիվներին, ովքեր արդեն սկսել են վաճառել իրենց հետեւորդների ձայները կուսակցություններին: Մասնավորապես ակտիվ բանակցություններ են տանում խարիզմատիկ` «Աստծո դեսպանատուն», «Կյանքի խոսք» եւ «Հավատքի խոսք» եկեղեցիները»,-նշել է Ամարյանը` չբացառելով, որ գալիք ԱԺ-ում կտեսնենք «Կյանքի խոսք»-ի ներկայացուցիչներից ոմանց:
ԳՆԱՀԱՏԵՑԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արմեն Ալավերդյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ` ազատվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Փաստորեն, այն բանից հետո, երբ Ալավերդյանը «կրծքով պաշտպանեց» իր անմիջական շեֆին` վերջերս հայտարարելով, թե նա չի գնել «Մոցարտ» շոկոլադի ֆաբրիկան, ղեկավարությունը որոշեց ըստ արժանվույնս գնահատել Ալավերդյանի «նվիրվածությունը» եւ նրան առաջ տանել:
ՀՕԳՈՒՏ ԲՀԿ-ԱՄԵՏԻ
Փետրվարի 12-ին Արարատի մարզի 5 համայնքներում` Արեւշատ, Մրգավետ, Շահումյան, Դվին, Ռանչպար, կկայանան համայնքի ղեկավարների հերթական ընտրությունները: Շահումյան գյուղում իրար դեմ են պայքարում գործող գյուղապետ, ՀՀԿ-ամետ Սերժիկ Բաբայանը եւ նախկին գյուղապետ Նվեր Կարապետյանը: Ըստ «Առաջին լրատվական»-ի` Հովիկ Աբրահամյանը պաշտպանելու է նախկին գյուղապետին, որը ԲՀԿ-ամետ է, եւ ակնկալիք կա, որ նա հետագայում աշխատելու է ԲՀԿ օգտին: Ի դեպ, երկու թեկնածուներն էլ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարոյի) ազգականներն են. ԲՀԿ-ականը հորեղբորորդին է, գործող գյուղապետը` հարազատ քրոջ ամուսինը:
ՇՆՈՐՀԱՎՈՐ
Այսօր լրանում է Հայ ազգային կոնգրեսի, ՀՀՇ անդամ, գեղանկարիչ, նախկին քաղբանտարկյալ Տիգրան Բաղդասարյանի 60-ամյակը: Հայ ազգային կոնգրեսը, ՀՀՇ վարչությունը շնորհավորում են նրան` ցանկանալով ստեղծագործական բուռն աշխատանք եւ շուտափույթ հաղթանակ: «Ժողովուրդ» օրաթերթը եւս միանում է այդ շնորհավորանքներին:
ԶԻՆՎՈՐՆԵՐԸ` ԳՈՐԾԻՔ
Երեկ Epress.am-ի խմբագրություն է զանգահարել Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը եւ պահանջել կայքից հանել այն տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես է Սեյրան Օհանյանը քնում Ազգային Ժողովում: Կարապետյանը կոպիտ տոնով ասել է. «Դա անշնորհքություն է, պաշտպանության նախարարը 20 ժամ աշխատում է եւ կարող է հոգնած լինել: Հենց հիմա վիդեոն հանե’ք»: ՊՆ մամուլի խոսնակը զգուշացրել է, թե չհանելու դեպքում արդեն կզանգեն լրագրողների հարազատները, այսինքն` բանակում ծառայող զինվորնե՞րը: