Հաղորդում Սուրիկ Խաչատրյանի նոր հանցագործությունների մասին.Ս. Հարությունյան. Aravot.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայտարարում եմ, որ Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ հանրապետական խորհրդի անդամ և Սյունիքի մարզային կառույցի ղեկավար Սուրիկ Խաչատրյանը, ոգեւորվելով իր արտասովոր քրեական ընթացքի նկատմամբ ՀՀ իրավապահ համակարգի հանցավոր անգործության իրողությունից, կատարել է նոր հանցագործություններ»,-նշվում է  Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի տարածած հայտարարությունում:

Նամակում նաև ասվում է.

«Նա իմ դեմ 2013թ. օգոստոսի 8-ին Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցադիմումին ոչ միայն չի կցել իր անձը հաստատող հիմնական փաստաթղթի` անձնագրի պատճենը, ինչը պահանջվում է օրենքով, այլև, կատարելով կոպտագույն կեղծիք, հայցադիմումում նշել է իր անձնագրային հետևյալ` Սուրեն Խաչատրյան, 2005թ. նոյեմբերի 9-ին 032-ի կողմից տրված … տվյալները: Նա ոչ միայն սխալ է լրացրել անունը, այլև չի նշել, հայրանունը, ինչը ևս օրենքի խախտում է:

Իմ լիազոր ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը 2013թ. սեպտեմբերի 30-ին կայացած դատական նիստում պահանջել է դատարան ներկայացնել Ս. Խաչատրյանի անձնագրի պատճենը: Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը, ավելին` ընդունած որոշմամբ Ս. Խաչատրյանից պահանջել է անձնագրով ներկայանալ դատական հաջորդ նիստին: Վերջինս, 2013թ. հոկտեմբերի 24-ին կայացած նիստում, դատարանին ներկայացրել է իր անձնագիրը, որի պատճենն այդ օրվանից գտնվում է ինձ մոտ:

Դատական նիստում պարզվել է, որ հայցվոր կողմն ունի բոլորովին ուրիշ` Սուրիկ Սերգեյի Խաչատրյան, տրված 2013թ. մայիսի 15-ին, 001-ի կողմից,… անձնագրային տվյալներ: Դատական նիստում Ս. Խաչատրյանը հայտարարել է, որ վերջերս է փոխել իր անձնագիրը եւ այդ պատճառով է հայցադիմումում նշել իր նախկին անձնագրային տվյալները: Նրա հայտարարությունից բխում է, որ իր հին անձնագիրը հանձնել եւ նորը ստացել է հայցադիմումը ներկայացնելու օրվանից` 2013թ. օգոստոսի 8-ից հետո, որ մինչեւ օգոստոսի 8-ը իր անունը եղել է Սուրեն, այնինչ, ինքը միշտ էլ կրել է Սուրիկ անունը, նոր անձնագիրն էլ ստացել է 2013թ. մայիսի 15-ին, որի պատճենը եւ ճիշտ տվյալները պարտավոր էր 2013թ. օգոստոսի 8-ին ներկայացնել դատարան:

Այսպիսով` Ս. Խաչատրյանը դատական այդ նիստում տվել է նաեւ սուտ վկայություն: Դատական նիստը նախագահող Անի Մխիթարյանը Ս. Խաչատրյանի այդ հանցանքը բացահայտվելուց անմիջապես հետո պարտավոր էր նախ` ընդունել հայցադիմումին հայցվորի անձնագրի պատճենը կցված չլինելու իրողության մեջ դատարանի թույլ տված սխալը, չսպասեր իմ լիազոր ներկայացուցիչ Մ. Շուշանյանի միջնորդությանը, գոնե հարգեր այդ միջնորդությունը, իրավական գնահատական տար կատարվածին, դադարեցներ Ս. Խաչատրյանի կեղծ հայցադիմումի քննությունը եւ նրա կատարած հանցանքի փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով դիմեր դատախազությանը: Հակառակ դրան` դատարանը ընդամենը «ոչ պատշաճ» հայցվոր Սուրեն Խաչատրյանին այդուհետ համարել է «պատշաճ հայցվոր» Սուրիկ Սերգեյի Խաչատրյան, ինչը, անշուշտ ճչացող ապօրինություն է:

Այդքանից հետո Ս. Խաչատրյանը 2014թ. մայիսի 16-ին կատարել է նույնպիսի հանցանք: Իր դեմ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան 2014թ. մարտի 19-ին ներկայացրածս հայցադիմումին ժամանակին գրավոր պատասխանելու փոխարեն, նա, օրենքով սահմանված ժամկետից ուշացումով, 2014թ. մայիսի 16-ին ներկայացրել է հակընդդեմ հայց, որով փորձում է ինձ ենթարկել իրավական, բարոյական եւ նյութական հաշվեհարդարի, որին նույնպես ոչ միայն չի կցել իր անձնագրի պատճենը, այլեւ հայցադիմումում կրկին նշել է 2005թ. նոյեմբերի 9-ին ստացած անձնագրային կեղծ տվյալներ: Այսպիսով` Ս. Խաչատրյանը 2014թ. մայիսի 16-ին եւս կատարել է կոպտագույն կեղծիք, ինչը նույնպես պարունակում է հանցակազմ եւ հետապնդվում է ՀՀ քրեական օրենսգրքով: Անշուշտ, այդ հանցանքները պարունակում են ծանրացուցիչ հանգամանքներ, քանզի դրանք հեղինակել է զազրելի հանցանքների համար նախկինում քանիցս դատապարտված եւ կալանավայրում տարիների պատիժներ կրած Լիսկան:

Փաստորեն, Ս. Խաչատրյանը օգտագործում եւ իր շահերին է ծառայեցնում տարբեր անձնագրեր: Ակնհայտ է, որ նա հատուկ սեր է տածում 2005թ. նոյեմբերի 9-ին ստացած եւ 2013թ մայիսի 15-ին առ ոչինչ համարված անձնագրի նկատմամբ, երեւի այն պատճառով, որ այն օգտագործել է իր բազմաթիվ հանցավոր գործարքները կատարելիս: Պահանջում եմ Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Մխիթարյանից`վերջապես դադարեցնել իմ դեմ Ս. Խաչատրյանի հայցադիմումի քննությունը եւ նրա կատարած հանցագործության փաստի առթիվ` քրեական գործ հարուցելու պահանջով դիմել ՀՀ դատախազությանը: Պահանջում եմ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Մուրադ Հովակիմյանից` դատական քննության չենթարկել Ս. Խաչատրյանի 2014թ. մայիսի 16-ին ներկայացրած հայցը եւ նրա կատարած հանցագործության փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով դիմել ՀՀ դատախազությանը:

Ամբողջական հոդվածը՝ Aravot.am-ում:




Լրահոս