Դեպի Թեհրան տոմսի գինը կախված է նստատեղերի քանակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Armlur.am-ին դիմած քաղաքացին հայտնեց, որ Երևան-Թեհրան ուղևորափոխադրող ընկերություններից մեկն անսպասելիորեն թանկացրել է ուղևորատոմսերի գները:

Քաղաքացին մասնավորապես հայտնեց, որ օրեր առաջ դիմել է «Վասպուրական» («Տաթև տուր») ընկերությանը` Երևան-Պարսկաստան ուղղությամբ ուղևորատոմս գնելու համար, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ պահին չի կարողացել գնել 22 հազար դրամ արժողությամբ տոմսը: Հաջորդ օրը անակնկալի է եկել` իմանալով, որ այն դարձել է 25 հազար դրամ:

Armlur.am-ը կապ հաստատեց վերոնշյալ ընկերության հետ` իմանալու համար գների բարձրացման պատճառը: Մեզ հետ զրույցում «Վասպուրական» ընկերության գործադիր տնօրեն Հակոբ Սարգսյանը հայտնեց, որ իրենք արդեն 7 տարի է` գործում են, սակայն երբեք տոմսերը չեն թանկացրել` հաճախորդներին չկորցնելու համար:

«Չնայած մեր շուրջը ամեն բան թանկանում է, այնուամենայնիվ, մենք երբեք թանկացումներ չենք անում` գիտակցելով անգամ, որ այդ կերպ կորուստներ ենք ունենում: Պարզապես մեզ մոտ կան 22, 25 և 44 տեղանոց ավտոբուսներ, որոնք համապատասխանաբար 17, 22 և 25 հազար դրամ արժողությամբ տոմսեր ունեն: Բնականաբար, չեն կարող 22 հազար դրամ վճարել և օգտվել 25 հազարանոցի ծառայություններից»,- պարզաբանեց ընկերության գործադիր տնօրենը:

Տեղեկացնենք նաև, որ մեզ դիմած քաղաքացու խոսքերով` իրեն չեն առաջարկվել մյուս ավտոբուսների ծառայությունները, այլ հայտնել են, որ պետք է վճարել 25 հազար դրամ` մեկ անձի համար:

Տաթև Հարությունյան




Լրահոս