ՄԵՆՔ ԽՈՍՈՒՄ ԵՆՔ ՓԱՍՏԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը փետրվարի 12-ին  կայանալիք ընտրությունների կապակցությամբ մի բուկլետ է պատրաստել, որտեղ ներկայացնում է, թե 2002 թվականից մինչեւ այսօր ինչ «աշխատանքներ» է կատարել Հրազդանի համար: Վերջինս շատ պայծառ գույներով  ներկայացրել է իր տասնամյա գործունեության ընթացքում քաղաքում իրականացված փոփոխությունները: «Ժողովուրդ»-ը շրջեց Հրազդան քաղաքով եւ լուսանկարեց այն հատվածները, որոնք Արամ Դանիելյանի օրոք  համայնքային փողերով «վերանորոգվել եւ վերականգնվել են»:
Նախ մի քանի բառով ներկայացնենք, թե պարոն քաղաքապետն ինչպիսի չարաշահումներ է թույլ տվել իր ղեկավարած կառույցում: Դեռեւս 2010-ին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից իրականացված ստուգումների արդյունքում ի հայտ են եկել պատկառելի թվով խախտումներ, որոնք արվել են նաեւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի` Կովալի կողմից:
 Եւ այսպես, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը բացահայտել է, որ Կոտայքի մարզպետարանը 48 հա հողատարածքի համար 25 աճուրդ է անցկացրել, որից 15-ն իրականացվել է օրենսդրական խախտումներով: Դպրոցների հիմնանորոգման, ֆինանսավորման, ջրագծերի ու ճանապարհների կառուցման ֆինանսավորումների ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ 65 մլն դրամի խախտում է եղել, գրվել են ավել կատարողականներ, ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող թվեր, բացի այդ, աշակերտների ավելի մեծ թիվ է ցույց տրվել` բյուջեից շատ ֆինանսավորում ստանալու համար:
 Օրենսդրական խախտումներով իրականացված հողերի օտարման գործընթացում առյուծի մասնաբաժինն ընկնում է Հրազդանին, որի օրինախախտ քաղաքապետին կրծքով պաշտպանում է հարազատ Հանրապետական կուսակցությունը:  «Իրականացված թվով 4536 աճուրդները եւ ուղղակի վաճառքները հակասել են օրենսդրությանը, քանի որ դրանք օտարվել ու վաճառվել են առանց ավագանու որոշման»,-հայտարարել էր ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:
Օտարված 31 հողատարածքները  եւ 3 ոչ բնակելի տարածքներն էլ ոչ թե պետք է աճուրդի դրվեին, այլ վաճառվեին: Այդ  հողատարածքներն օտարվել են կադաստրային արժեքից ցածր տոկոսով: Իրականացվել են նաեւ ձեւական աճուրդներ, երբ գնորդն ի սկզբանե հայտնի է եղել, պայմաններն էլ` համապատասխանեցված: Արդյունքում` պետությանը հասցված վնասը կազմել է 19,1 մլն դրամ: Հրազդանի քաղաքապետարանում հայտնաբերվել էին նաեւ 27,7 մլն դրամի յուրացման փաստեր` կապված տանիքների վերանորոգման հետ:  Ըստ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետի` օրինակ` 80 քմ վերանորոգված տանիքը կատարողականում դարձել է 140 քմ: Հետաքրքիր է, թե այդքանից հետո ինչպես է կոռուպցիայի դեմ պայքարից խոսող Սերժ Սարգսյանը հրահանգում ամեն գնով ապահովել Արամ Դանիելյանի թեկնածությունը: Կա’մ նա տեղյակ չէ սեփական վերահսկողական ծառայության հայտնաբերած խախտումներին, կա’մ էլ  կոռուպցիայի եւ «տեղական իշխանիկների» դեմ պայքարի մասին նրա խոսքերը պարզապես քամու տատանումներ են:
Արամ Դանիելյանն իր նախընտրական բուկլետում նաեւ լուսանկարներ է տեղադրել, որտեղ հպարտությամբ ներկայացրել է, թե իրենք տանիքների վերանորոգման ինչ աշխատանքներ են իրականացրել: Քաղաքապետը, սակայն, մոռացել է նշել, որ այդ աշխատանքների «որակյալ» իրականացման արդյունքում հատկացված գումարների մեծ մասը հայտնվել է իր գրպանում, որով էլ կարողացել է բնակարաններ գնել արտասահմանում:
Հրազդանի հանրապետական քաղաքապետն այս տարիների ընթացքում այնքան յուրացումներ է կատարել (դե իհարկե,  հրազդանցիների հաշվին), որ կարողացել է այդ միլիոնների շնորհիվ բնակարան գնել Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ի «հարուստների թաղամասում»` Բեւերլի Հիլզում, ինչից քաջատեղյակ են նաեւ նրա շրջապատն ու քաղաքապետարանի աշխատակիցները: Երբ փորձեցինք մեր տեղեկությունը ճշտել քաղաքապետից, վերջինս  ասաց, որ ավելի ճիշտ կլինի հանդիպել եւ զրուցել, իսկ երբ արդեն պայմանավորվեցինք հանդիպել, նրա օգնականը` ոմն Կարեն, զանգահարեց եւ ասաց, որ քաղաքապետը նպատակահարմար չի համարում մեզ հետ զրուցել: Դանիելյանին սեփական նախընտրական շտաբում հանդիպելու մեր ակնկալիքները եւս հօդս ցնդեցին, քանի որ պարզվեց, որ  նա շատ հազվադեպ է այնտեղ լինում:
Այս պաշտոնյան խուսափում է լրատվամիջոցներով  խոսել, քանի որ հասկանում է, որ իրեն այնպիսի հարցեր են տրվելու, որոնց  «տակից» ինքը հաստատ չի կարողանալու  «դուրս» գալ:  Ու թերեւս  դա է պատճառը, որ «նպատակահարմար» չի համարում զրուցել հատկապես «Ժողովուրդ»-ի հետ: Ինչեւէ, ՀՀԿ-ական այս քաղաքապետն իր գործունեության անցած տարիների ընթացքում  կարողացել է հիմնավորապես  թալանել Հրազդանը` վաճառել հողերն ու իրենով անել այն, ինչը լավ «թիքա» է եղել, իսկ այժմ էլ, իր սիրելի մարզպետ Կովալի աջակցությամբ մարդկանց ահաբեկելով, փորձում է մեկ անգամ եւս քաղաքապետի աթոռին տիրանալ`  թալանի գործն ավարտին հասցնելու համար:
Հ.Գ. Հրազդան քաղաքի հարգելի՛ բնակիչներ, որքան էլ Կովալն ու Արամը փորձեն ձեզ ահաբեկել` ասելով, թե բոլոր ընտրատարածքներում  տեսախցիկներ են տեղադրված, եւ իրենք հետեւելու են, թե դուք ում եք ընտրում, համոզվա՛ծ եղեք` նրանք ոչինչ չեն կարող անել: Բոլոր ընտրատեղամասերը վերահսկվելու են լրագրողների եւ անհատ դիտորդների կողմից: Այնպես որ, կարող եք հանգիստ քվեարկել այն թեկնածուի օգտին, ում ցանկանում եք, եւ ում թելադրում է ձեր խիղճը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս