Հրապարակվեցին «քառյակի» 12 կետանոց պահանջները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ոչ իշխանական ուժեր ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը քիչ առաջ ներկայացրեցին իշխանությանն ուղղված 12 պահանջները և ժամանակ տվեցին մինչև սեպտեմբերի վերջ` առկա խնդիրները վերացնելու համար:

Մինչ 12 կետերը ներկայացնելը` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ այժմ իշխանության քայլերը  համարժեք չեն ժողովրդի պահանջներին, երկրի առջև ստեղծված մարտահրավերներին:  Նա ընդգծեց, թե  «քառյակը» համոզված է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ և անհապաղ միջոցառումներ:

Ներկայացվող 12 կետերն են`

1. Վերացնել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը,  հետ վերադարձնել  աշխատավարձից պահված գումարները, նոր համակարգը ձևավորել կամավոր սկզբունքով:

2. Վերանայել տեսանկարահանող , լուսանկարահանող սարքերի, կարմիր գծերի  գործող համակարգերը, համայնքային բյուջեի տեսակարար կշիռը հասցնել 75 %-ի, սահմանված տուգանքների առավելագույն չափերը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 10 տոկոսը:

3. Առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը,  ըստ մարզերի համաչափ զարգացման՝ առաջիկա երեք տարիներին փոքր շրջանառություն ունեցող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափերը վերացնել, հանել սահմանի վրա ԱԱՀ գանձումը:

4. Առնվազն կրկնապատկել գյուղմթերքների արտադրության, ոռոգման ջրերի համար  տրամադրվող վարկերի սուբսիդիան:

5. Գյուղատնտեսությունում տրված արտարժութային  վարկերը վերածել դրամայինի:

6. Հաստատել «Նաիրիտ» -ի վերագործարկման ծրագիրը, վերադարձնել աշխատավարձերը:

7. Բացառել «Որոտան» ՀԷկ-երի համալիրի  գույքի վաճառքն առանց Ազգային ժողովի համաձայնության:

8. Գործող տրանսպորտային համակարգում բացառել ուղևորափոխադրումների գնի բարձրացումը:

9. Ընդունել տնտեսական մենաշնորհները վերացնելու օրենսդրական փաթեթ:

10. Ընտրական օրենսգրքում անցկացնել փոփոխություններ, մյուս տարիներին ընտրություններն անցկացնել 100% համամասնականով և հրապարակել ընտրողների ցուցակները:

11. Ապահովել ընդդիմության մասին օրենսդրական փաթեթի ընդունումը:

12. Չստորագրել որևէ համաձայնագիր, որով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կլինի անցակետ:




Լրահոս