«Աղջկա հարցով» դանակահարության համար մեղադրվող աշակերտը մասնակցում է ավարտական քննություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յոնջլախի» թիվ 65 դպրոցում նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին «աղջկա հարցով» աշակերտների միջև տեղի ունեցած դանակահարության գործով մեղադրյալ 11-րդ դասարանցի Արման Մ.-ն մասնակցում է այս տարվա ավարտական քննություններին և հոգեպես նորմալ վիճակում է:

Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրենը` Նորայր Խրիմյանը, ում խոսքերով` Արմանը մեկուսացած երեխա չէ և դեպքից հետո կրկին ինտեգրվելու խնդիր չի ունեցել:

«Երեխաներն էլ սովորական վերաբերմունք են դրսևորում նրա նկատմամբ, ամեն ինչ նորմալ է: Տեսնենք` դատական քննությունն ինչպես կընթանա: Այս պահին որևէ արտառոց դեպք կամ իրադարձություն տեղի չի ունեցել: Պարզապես Արմանը ինքնահաստատվելու իր ձևն է դրսևորել»,-կարծիք հայտնեց դպրոցի տնօրենը:

Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն` Արմանը 2013 թվականի դեկտեմբերի 5-ին` ժամը 12.40, իրենց դպրոցում «աղջկա հարցով» պարզաբանում ստանալու համար դասարանից դուրս է կանչել 11-րդ դասարանցի Միքայելին: Վերջինիս հետ անմիջապես դասարանից դուրս են եկել նաև նրա մի քանի դասընկերները, այդ թվում՝ ներկա գործով տուժողներ Ռոլանդն ու Էրիկը:

Մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք նաև, որ Արմանի ու Միքայելի միջև վիճաբանություն է ծագել հենց դպրոցի միջանցքում, ինչի արդյունքում Արմանը ձեռքով հարվածել է Միքայելին: Ապա խառնվել են վերջինիս դասընկերները, և տուժել են հենց նրանք՝ Ռոլանդն ու Էրիկը:

Արմանը, ըստ մեղադրանքի, երկու անձի մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Ռոլանդի գոտկային շրջանին, ինչպես նաև` Էրիկին՝ երկուսի առողջությանն էլ պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով: Տուժողներն ապաքինվել են:

Արման Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որը նախատեսում է 5 տարվա ազատազրկում:

Արման Մ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ծնողների հսկողությանը հանձնվելը: Ընդհանուր իրավասության դատարանում Արման Մ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարածի համար:

Տաթև Հարությունյան




Լրահոս