Ի՞նչ կլինի, եթե իշխանությունը չկատարի «քառյակի» պահանջները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք` ԱԺ  ոչ իշխանական չորս ուժերը ներկայացրեցին իշխանությանն ուղղված 12 պահանջները և  մինչ աշուն ժամանակ տվեցին խնդիրների լուծման համար:

Կետերը ներկայացնելուց հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհաբյանը նշեց, որ այս պահանջների կատարումը էապես կնպաստի ՀՀ քաղաքացու վիճակի բարելավմանը: Նա  նաև հավելեց, որ քառյակն աշնանը միասնաբար կորոշի իր հետագա քայլերը:

«Մեզ համար տաբու հարցեր չկան, այս պահին նպատակահարմար ենք գտել այս հարցերի ներկայացումը իշխանություններին, որից հետո կծրագրենք մեր հետագա անելիքները»,- ասաց նա:

«Սերժ Սարգսյանի չար ծառը բարի պտուղներ չի կարող տալ»,- հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ քառյակում գտնվող որոշ ուժեր համակարգային փոփոխությունների են կողմ եղել, որոշ ուժեր՝ ավելի մեղմ փոփոխությունների և հավելեց, որ երկրի գլխավոր չարիքն այսօր Սերժ Սարգսյանի ռեժիմն է:

«Բայց միաժամանակ հասկանում ենք, որ պետք է ձևավորել միասնական օրակարգ, որը թույլ կտա շատ ավելի արդյունավետ դարձնել երկրում ընթացող այս քաղաքական գործընթացը»- ընդգծեց Լևոն Զուրաբյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ  իշխանափոխության պահանջի վերաբերյալ հարցին ի պատասխան նշեց, որ իշխանափոխություն պետք է անի ժողովուրդը: 

«Օր առաջ Հայաստանը կարիք ունի ազատվել այն իշխանավորներից, որոնք ժողովրդի քվեով չեն զբաղեցնում իր տեղը: Բայց մեկ քաղաքական ուժ չի կարող հաջողության հասնել, մենք չորս քաղաքական ուժերով գտնում ենք, որ մարտավարական այս քայլերը կարող են հաջողություն բերել: Առանց ժողովրդի իշխանափոխություն չի լինում, իսկ ժողովրդին պետք է համախմբել, դրա համար մենք պետք է համախմբվենք»,- ասաց «ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Այն հարցին, թե ինչ կլինի, եթե մինչ սահմանված ժամկետն իշխանությունները կատարած չլինեն բոլոր քայլերը, «քառյակ»-ի ներկայացուցիչները նշեցին, որ այդ դեպքում միասնական հանրահավաք կանցկացնեն, որտեղ էլ կքննարկեն իրեն հետագա անելիքները:




Լրահոս