ԱՎԵԼԻ ԱՇԽՈՒՅԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին մեկ ամսվա ընթացքում Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն ավելի քան 81 համայնք է այցելել:  Ասել է թե, մարզպետն օրական հասցրել է շրջել 2-3 համայնքում: Նման տեմպերով շարունակելու դեպքում Գիզիրյանը կհասցնի լինել մարզի բոլոր գյուղերում եւ «ինստրուկտաժ» անել  բոլոր գյուղապետերին: Թեեւ Գիզիրյանն անընդհատ խնդրում է չքաղաքականացնել իր այցերը, սակայն  հարց է ծագում, թե արդեն մեկուկես տարի մարզպետ նշանակված նախկին ուժայինն ինչու է հենց հիմա սկսել այսպես մտահոգվել գյուղերի խնդիրներով: Ոսկեհասկ համայնք Գիզիրյանն  այցելեց միանգամից մի քանի վարչության պետերի ուղեկցությամբ` կրթության, առողջապահության, քաղաքաշինության, տարածքային կառավարման եւ այլն: Շեշտեցին, թե նպատակը  համայնքներում բոլոր ոլորտների խնդիրներն ուսումնասիրելն ու դրանց լուծումները գտնելն է: «Այս այցելությունները մեզ բոլորիս շատ պետք են եւ կարեւոր: Այս այցերը շարունակական բնույթ են կրելու, ոչ մի բանի հետ կապված չէ, ես ուղղակի ուզում եմ ծանոթանալ բնակչության խնդիրներին»,-շեշտեց Գիզիրյանը: «2011թ. բոլոր ոլորտներում աննախադեպ առաջընթաց է եղել»,-գյուղում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ արձանագրեցին մարզպետարանի` հաշվետվությամբ հանդես եկած աշխատակիցները: Հատկապես գյուղատնտեսության ոլորտում գյուղվարչության պետի` Մովսես Մանուկյանի գնահատմամբ նկատելի առաջընթաց է արձանագրվել մարզի բոլոր համայնքներում: Մինչդեռ Ոսկեհասկի բնակիչները գյուղ ժամանած հյուրերին այնքան  խնդիրներ ներկայացրին, որ մարզպետարանի պաշտոնյաների լավատեսությունը հօդս ցնդեց: «160 ընտանիքի դուռ փակ է: Այսինքն` մի փոքր գյուղում մենք ունենք այդքան փակ դռներ: Երիտասարդներ են գնացել, որ ամուսնացել եւ օտար հողում են երեխաներ ունեցել: Ընդհանուր առմամբ, 800-900 մարդ գնացել է գյուղից, եւ դա լավ օրից չէ»,-ասում է գյուղապետ Ջեյմս Մուրադյանը: Ոսկեհասկցիները խընդրեցին լուծել գյուղի ճանապարհների հարցը եւ հատկացնել 2 մլն դրամ, նշեցին, որ գյուղում չունեն ո’չ ջրագիծ, ո’չ կոյուղի: Չկա մշակույթի պալատ,  գրադարան եւ այսպես շարունակ: Խնդիրներին, սակայն, լուծում չառաջարկվեց: Մարզի պաշտոնյաները սահուն անցում կատարեցին առաջիկա ՏԻՄ  ընտրություններին: Մարզպետը տարածքային կառավարման վարչության պետին հորդորեց չմիջամտել ընտրական գործընթացին եւ խոստացավ, որ կպատժի բոլոր նրանց, ովքեր կփորձեն միջամտել կամ խանգարել:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի
լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս