ԽԱՂԱԼԻՔ ԱՏՐՃԱՆԱ՞Կ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 8-ին կրակոցներ են հնչել Գյումրիում: Կռվողները ո’չ ավել, ո’չ պակաս դպրոցականներ են եղել: Թիվ 7 միջնակարգ  դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները վիճաբանել են միմյանց հետ, եւ ամեն ինչ այնքան է սրվել, որ գործի է դրվել ատրճանակ: Բարեբախտաբար, կատարվածից որեւէ մեկը չի տուժել: Նույն դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանը շեշտում է, որ դեպքը տեղի է  ունեցել դպրոցից դուրս եւ դասերից հետո, աշակերտների մասին էլ նշում  է, որ սովորական տղաներ են` ոչնչով աչքի չընկնող. «Պարզապես երեխայություն են արել»: Տնօրենի խոսքերով`  տղաների ձեռքի ատրճանակը ոչ թե գազային է եղել, այլ «խաղալիքից», որի մեջ փամփուշտ էլ չի եղել: Կատարվածի վերաբերյալ փորձեցինք տեղեկություններ ստանալ ե՛ւ Գյումրու ոստիկանությունից, ե’ւ Շիրակի մարզի քննչական բաժնից: Սակայն Գյումրու ոստիկանությունից փոխանցում էին, որ իրենք որեւէ տեղեկություն չունեն միջադեպի վերաբերյալ, եւ որ գործով զբաղվում է քննչականը, այս կառույցից էլ շեշտում էին հակառակը, որ տեղեկություններ է տրամադրելու Գյումրու ոստիկանությունը: Ի վերջո, կատարվածը հաստատեցին Շիրակի մարզային ոստիկանության ներկայացուցիչները` նշելով, որ առայժմ քննություն է տեղի ունենում եւ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ:  

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս