Ինչպես հայտնի է դարձել «Փրայմ Քրայմին», երեկ թուրքական Էդիրն քաղաքում «օրենքով գողերի» երկու թշնամի խմբավորումների միջև փոխհրաձգության կասեցման փորձի ժամանակ զոհվել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հատուկ ստորաբաժանման աշխատակից 33-ամյա Հուսեյն Իմրագը:
Ոստիկաններին հաջողվել է որսալ բախման մասնակիցներից միայն մեկին, տեղեկացրել է Hürriyet-ը: Առաջին կրակոցները հնչել են ժամը 13:30-ին Էսկի Իստամբուլ պողոտայի վրա գտնվող հյուրանոցի ավտոկանգառում: Հայտնվում է ռուսների և վրացիների 5 հոգուց բաղկացած խմբի մասին, որոնց միջև վեճ է սկսվել: Նրանք ներկայացուցչական կարգի ռուսական և թուրքական համարանիշներով մեքենաներով են եղել:
Օրը ցերեկով սկսված փոխհրաձգությունը փողոցում խուճապ է առաջացրել: Դեպքի վայր ժամանած ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել կասկածյալներից մեկին, որը փորձել է փախչել, սակայն ոտքից վիրավորվել է:
Գաղտնիք չէ, որ մի քանի տարի առաջ Թուրքիան ապաստան է դարձել մի քանի տասնյակ վրացի և ադրբեջանցի «օրենքով գողերի» համար, իսկ վերջին ժամանակներում` նաև միմյանց հետ պատերազմող խմբերի հարաբերությունների պարզման վայր: 2012թ.-ի նոյեմբերին Ստամբուլում հայտնի Ռովշան Ջանիևի գլխավորությամբ վրացիների կողմից հարձակման է ենթարկվել ադրբեջանցի «օրենքով գող» Բախիշ Ալիևը, որը գնդակահարվել էր այս տարվա ապրիլին Օդեսսայում:
Անցած շաբաթ Ստամբուլում «օրենքով գողերի» նույն կազմի կողմից ծեծի են ենթարկվել Գելա Կարդավայի կլանի միաժամանակ մի քանի հայտնի հեղինակություններ: Դրանից բառացիորեն մեկ օր անց թուրքական մայրաքաղաքում գազանաբար սպանվել էր մեկ այլ ադրբեջանցի «օրենքով գող» Ալիբալա Համիդովը` Գոջա մականունով: Նշվում է, որ սկզբում բեյսբոլի մահակով ջարդել են Գոջայի գլուխը, որից հետո արձակել են երեք ստուգիչ կրակոցներ: Բոլոր այդ միջադեպերը կապված են ադրբեջանցի «օրենքով գողեր» Ռովան Ջանիևի և Նադիր Սալիֆովի (Գուլի մականունով) միջև հակամարտության հետ, որին վերջերս միացել է ևս մեկ տիտղոսավոր ադրբեջանցի Ալի Գեյդարովը, նույն ինքը` Ալբերտ Կարմրահերը: Հարկ է նշել, որ Ադրբեջանում երկարատև բանտարկության դատապարտված Գուլիի շահերը ներկայացնում է նրա թագադրված եղբայր Նամիկը:
Թուրքական ոստիկանությունը մինչև վերջին պահը չէր խառնվում «գողական» կռիվներին, սակայն այժմ՝ իրենց գործընկերներից մեկի սպանությունից հետո, թուրքերն, ամենայն հավանականությամ, այլևս կողմնակի դիտորդներ չեն լինի: