«ՊԱՐԶ ՃԱԿԱՏՈՎ ՄԱՆ ԵՄ ԳԱԼԻՍ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիլվա Հակոբյանի երգերի գողության մասին խոսվել է բազմիցս: Օրերս  տեղեկացրինք, թե որ երգերի մասին էր խոսքը ու նաեւ խոստացանք կապ հաստատել Սիլվայի հետ, բայց քանի որ նրա հեռախոսահամարն անընդհատ չէր պատասխանում, կապվեցինք Սիլվայի  քրոջ եւ բոլոր երգերի հեղինակ ՄԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ, ով շատ սիրալիր պատասխանեց մեր բոլոր հարցերին:
-Ինչպե՞ս եք տեղեկանում, որ Ձեր հեղինակած երգերից որեւէ մեկը գողացել են:
-Այդ ամեն ինչին հետեւում է հայրս, բայց գողացված երգերի մասին տեղեկանում ենք սոցիալական կայքերի միջոցով: Պատահում է, որ  Սիլվայի youtube-ի էջում գցում են, մենք էլ լսում ենք ու համոզվում:
-Ինչպե՞ս եք արձագանքում, չէ՞ որ դա գողություն է:
-Ընդհանուր առմամբ, այո’, գրագողություն է, բայց նաեւ հպարտանալու տեղիք է տալիս, որ Սիլվայի երգերը սիրվում են աշխարհի մասշտաբով, եւ օտարերկրացիները վերցնում են, փոխում են միայն բառերն ու սկսում երգել: Օգտագործվում է ոչ միայն երաժշտությունը, այլեւ իմ եղբոր գործիքավորումը: Երգերի մեծ մասն այդ կատարողները վերցնում են նույն գործիքավորմամբ, միայն բառերն են փոխում իրենց լեզվով ու վերջ, էլ ոչ մի աշխատանք չի տարվում, ամեն ինչ արդեն պատրաստ է, բայց այդ ամեն ինչը մեր տանից է դուրս եկել: Շատերն ասում են` զուգադիպել է, բայց մենք հո գիտենք, որ դրանք մեր ստեղծագործություններն են: Լավ կլիներ, որ մեր երկիրն այնքան ուժեղ լիներ, որ հեղինակի իրավունքները կարողանար պաշտպանել:
-Դուք ասում եք` դրանք մեր երգերն են, դրսի կատարողներն էլ պնդում են, որ դրանք իրենց երգերն են, հայերն են գողացել: Ինչպե՞ս կարելի է ապացուցել:
-Մենք էլ ենք աշխատում այդ ուղղությամբ, բայց հասկանում ենք, որ մեր երկիրը միայն իր սահմանների մեջ կարող է գործել, բայց դրանից դուրս տեր չի կանգնում, դրա համար էլ այդ տեսակ ասեկոսեներ են լինում: Բայց ես պարզ ճակատով ման եմ գալիս, քանի որ դրանք իմ ստեղծագործություններն են, առհասարակ գրագողությամբ չեմ զբաղվում: Շատ ավելի հաճելի կլիներ, եթե այդ երգի տակ գրվեր հեղինակի անունը:
-Ընդհանուր առմամբ քանի՞ երգ են գողացել:
-4 երգի մասին բոլորս գիտենք, վերջերս էլ տեղեկացանք, որ գողացել են նաեւ «Խաչիկ-Վաչիկ» երգը: Նույնիսկ չեմ հիշում` Ռուսաստանի որ հեռավոր քաղաքի ռեստորաններից մեկում մի տաջիկ երգիչ երգել է այդ երգն իր լեզվով:
-«Գիշեր է» երգի համար էլ մի ռուս երգիչ Ձեզ էր մեղադրում գրագողության մեջ:
-Ես ոչ էլ տեղյակ էի այդ երգչից ու երգն էլ չէի լսել: Իմ երգը գրվել է 6-7 տարի առաջ, իսկ նրանը` վերջին տարիներին: Մեր մեջքի հետեւում դավեր են նյութվում:
-Ասում են` արվեստում նմանությունները հնարավոր են:
-Բայց այդքա՞ն: Համաձայն եմ, 7 նոտա է, ինչ-որ տողում հնարավոր է ինչ-որ հնչերանգ կրկնվի, բայց գործիքավորումն ու ամբողջ ե՞րգը կրկնվի:
-Չե՞ք փորձել կապ հաստատել հենց այն կատարողների հետ, որոնք Ձեր երգերը վերցրել են:
-Ինձ առաջարկներ եղել են ինչ-որ մարդկանց միջոցով, որ բուլղարացի մի երգչուհի ուզում է կատարել Ձեր այսինչ երգը, իհարկե, այդ ամբողջ պրոդյուսինգով զբաղվում է հայրս, եւ նա բազմիցս ասել է, որ Սիլվայի կատարած երգերը չենք վերավաճառում կամ նվիրում, ցանկություն ունեք, եկե’ք համագործակցենք, ձեզ համար էլ կգրվի նոր ստեղծագործություն տվալ ոճում: Փաստորեն, ստացվում է այնպես, որ մեր զգուշացումն անարդյունք է, քանի որ հենց այդ երգչուհին արդեն առանց մեր թույլտվության վերցրել է Սիլվայի երգը:
Մեզ բազմիցս եղել են առաջարկներ, որ թույլ տանք կատարեն այս կամ այն երգը, բայց մենք չենք համաձայնել: Ավելին ասեմ, ինձ նույնիսկ առաջարկ է եղել թուրքերի վրա վաճառել իմ արդեն երգված երգերը, բայց ես թքած ունեմ թուրքերի եւ իրենց տված փողերի վրա: Ինձ այդ կեղտոտ գումարները պետք չեն, բա էլ ո՞ւր մնաց մեր Հայաստանն ու մեր պատիվը:
-Միայն դրսի կատարողնե՞րն են գողանում, թե՞ նաեւ հայաստանյան:
-Հայ ենք, ամեն ինչ էլ կպատահի, բայց միեւնույն է, մենք մեր ձեռագիրը գիտենք: Չար լեզու ունեցող մարդիկ խոսում են ու պաշտպանում դրսի մարդկանց: Էլի եմ ասում` մենք մեր ընտանիքով բաց ճակատով կարող ենք դուրս գալ, դրանք մեր երգերն են, մեզանից են տարել:
-Այսքան խոսվեց Ձեր երգերի մասին, բայց դրանց գինը չիմացանք:
-Պապային պետք է դիմեք, այդ հարցերով ես չեմ զբաղվում:
-Դուք չգիտե՞ք, թե ինչքանով եք երգ գրում:
-Գիտեմ, բայց չեմ պատասխանում այդ հարցերին, անգամ գործընկերներիս չեմ ասում: Ամեն մեկս մեր գործն է անում, ես` իմ, եղբայրս` իրենը, Սիլվան էլ երգում է, մնացած բոլոր հարցերով որպես պրոդյուսեր զբաղվում է հայրս:  

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս