Այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ Աստանայում տեղի ունեցածին և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Նազարբաևն ընթերցեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը, որում նշված էր, որ Հայաստանը պետք է ԵՏՊ-ին անդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն` առանց Լեռնային Ղարաբաղի:
«Չեմ կարծում, որ Նազարբաևի նման գործիչը չգիտեր, որ այս հայտարարությունը դիվանագիտական էթիկայի խախտում էր, բայց բավականին լուրջ հայտարարություն արեց, և կար ոչ հարգալից վերաբերմունք Սերժ Սարգսյանի և պետության նկատմամբ», – նշեց նա:
Հակոբյանը չբացառեց, որ որոշ ժամանակ անց հայտարարություն լինի, որ պետք է մաքսակետ դրվի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, և սա արդարացված կլինի:
«Նա պարզ հայտարարել է, որ պաշտպանելու է Ադրբեջանին: Անկախ մեզանից մենք հայտնվեցինք այնտեղ, որտեղ տարան, մտցրեցին: Մենք գնում ենք այնտեղ, որտեղ ասում են: Եթե մենք այստեղ փորձում ենք հեքիաթներ հորինել, Նազարբաևի նման մարդն ասում է, որ չպետք է հավատալ հեքիաթների: Սա լուրջ քննարկման հարց է և եթե տարիներ հետո այլ բան լինի, դրա մեղավորը կլինեք ոչ միայն դուք , այլև՝ մենք», – հայտարարեց նա: