Արամ Մանուկյանը ներկայացրեց հաղորդում հանցագործության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը ներկայացրեց չորս խախտում, որոնք հիմնավորում են Որոտանի հիդրոկասկադի վաճառքի կոռուպցիոն և հակաօրինական լինելը:

«Ուզում եմ շեշտել, որ մեր պայքարը՝ ընդդեմ այդ անօրինական գործարքի, պայմանավորված է ոչ թէ նրանով, որ մեզ դուր չի գալիս ամերիկյան ընկերությունը, այլ որ սրանով տեղի է ունենում պետական գույքի ուղղակի կողոպուտ՝ ուղեկցված մեր ստրատեգիական ջրային պաշարների զավթմամբ և հայ-իրանական հարաբերությունների վտանգմամբ:

Հիմա մանրամասնեմ.

1. Վաճառքի գինը. հիդրոկասկադը վաճառվել է 180 մլն. դոլարով, այն դեպքում, երբ դրա իրական արժեքը համեստ հաշվարկներով 10 անգամ ավելի է: Սրան գումարած երեք ՀԷԿ-երի, դրանց սպասարկող դերիվացիոն թունելների և այլ ենթակառուցվածքների արժեքը: Սրանք ապացույցներ են առ այն, որ կոռուպցիոն ճանապարհով տեղի է ունեցել ազգային հարստության խայտառակ մասշտաբների կողոպուտ, ինչը ծանր քրեական հանցագործություն է:

2. Ջրամբարների օտարման անօրինականությունը. Հայաստանի ջրային օրենսգրքի 4-րդ հոդվածի, ինչպես նաև՝ «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն, Ջրի ազգային ծրագրով սահմանված պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են և մասնավորեցման ենթակա չեն»:

 3. Իրանի հետ կապված խնդիրը. հիդրոկասկադի վաճառքի վերաբերյալ պայմանագրի 4.03 հավելվածում սահմանված է, որ Որոտանի ենթակառուցվածքները չեն կարող օգտագործվել Իրանի հետ էլեկտրամատակարարման գործընթացներում: Սա վկայում է որ գործ ունենք նաև քաղաքական գործարքի հետ:

4. Ազգային ժողովը շրջանցելը. «Սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Որոտանի հիդրոկասկադի մասնավորեցման նախագիծը պետք է ներկայացվեր Ազգային ժողովի հաստատմանը, ինչը չի արվել: Այն մեկ անգամ արդեն ներառված է եղել մասնավորեցման ծրագրերում, սակայն հետագայում հանվել է: Սա լրացուցիչ ապացույց է այն մասին, որ այսպիսի գույքի օտարման նախագիծը պարտադիր կարգով ենթակա է Ազգային ժողովի հաստատմանը»,  – հայտարարեց նա:

Ամփոփելով՝ Մանուկյանը նշեց, որ այս գործարքում առկա են կոռուպցիոն բնույթի հանցագործության հատկանիշներ`  1. վաճառքի ակնհայտ ցածր գին, 2. օրենքի պահանջի ուղղակի խախտմամբ իրականացված ջրամբարների մասնավորեցում, 3. առանց Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնելու՝ պետական գույքը մասնավորեցում:

«Հետևապես, ես ՀՀ գլխավոր դատախազությանը ներկայացնում եմ հանցագործության մասին հաղորդում՝ Որոտանի հիդրոկասկադի վաճառքի վերաբերյալ գործարքում կոռուպցիոն ռիսկերի առկայության մասին և հետևողական եմ լինելու այս գործի պատշաճ քննության հարցում», – հայտարարեց նա:




Լրահոս