ՀԱՐՑ. 1993-94 թվականներին մասնակցել եմ ղարաբաղյան պատերազմին, բայց մինչ այժմ վկայական չեմ ստացել: Հետաքրքիր է իմանալ, թե վկայական ստանալու համար ուր եւ ում պետք է դիմեմ, եւ դրա համար ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության 27 նոյեմբերի 2000 թվականի թիվ 778 որոշման համաձայն` անհրաժեշտ է դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն: Իսկ ինչ վերաբերում է փաստաթղթերին, ապա այսպես միանգամից հնարավոր չէ պատասխանել, քանի որ տարբեր մարդիկ տարբեր ձեւ են մասնակցել, եւ տարբեր համապատասխան փաստաթղթեր են անհրաժեշտ` կապված այն բանի հետ, թե նա մարտական գործողությունների շրջանում զորամասում է եղել, թե ջոկատում, ում հրամանով է գործուղվել եւ այլն: Մանրամասներին ծանոթանալու համար քաղաքացին թող դիմի նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն:
պաշտպանության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ուշագրավ է հատկապես «մասնակցության ձեւ» ձեւակերպումը: Արցախյան պատերազմին մարդիկ կա’մ մասնակցել են, կա’մ չեն մասնակցել: Հետաքրքիր է, երբ Մադոյան Գարիկը դիմի նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն, այստեղ ի՞նչ սկզբունքներից ելնելով են որոշելու, թե երկու տասնամյակ առաջ տեղի ունեցած իրադարձություններին տվյալ անձն ինչ ակտիվությամբ, ինչ արդյունավետությամբ է ներգրավված եղել ու ներկայումս ինչ կարգավիճակ ստանալու է արժանի:
Բացի այդ, անհասկանալի է, թե մարտական գործողությունների մասնակիցներին որոշակի կարգավիճակ տալն ինչու է համապատասխան դիմումից հետո միայն ընթացք ստանալու: