ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՈՂՈՔԱՐԿԵԼ ԵՆ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դատական կարգով բողոքարկել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ մայիսի 16-ի կայացրած որոշումը, ըստ որի՝ ընկերությունը գերիշխող դիրքը չարաշահելու համար տուգանվել էր 20 մլն դրամի չափով: Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 շենքի մի քանի բնակիչներ դիմել էին ՏՄՊՊՀ եւ հայտնել, որ իրենք ՀԷՑ-ի պատճառով չեն կարողանում տեղափոխվել իրենց բնակարաններ, քանի որ էլեկտրաէներգիա չունեն: Սակայն ՀԷՑ-ը, համաձայն չլինելով ՏՄՊՊՀ որոշմանը, հակառակն է պնդում: «Բողոքարկել ենք, որպեսզի հասկանանք, թե երկու պետական կառույցներից որի՝ ՏՄՊՊՀ-ի, թե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պահանջները պետք է անեինք: Քանի որ մենք գործել էինք ՀԾԿՀ-ի համապատասխան որոշման հիման վրա: Փաստացի այս երկու կառույցների որոշումներն իրար հակասում են, որովհետեւ մեկն ասում է՝ կնքի միացման անհատական պայմանագրեր, բնականաբար վճարի հիման վրա, ինչպես որ նախատեսված է օրենքով, իսկ մյուսը՝ անհատույց պետք է այդ մարդկանց ապահովել էլեկտրաէներգիայով»,- ներկայացրեց ՀԷՑ մամլո խոսնակ Նատալիա Սարջանյանը:

ՄԵԿ Է՝ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ԵՆ

ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ՕԵԿ քաղխորհրդի նիստի օրը հստակեցված չէ, բայց առաջիկա օրերին այն կկայանա: Նշենք, որ ՕԵԿ-ը հիմնականում իր քաղխորհրդի նիստերն անցկացնում էր հինգշաբթի օրերին, սակայն այս անգամ օրը հետաձգվել է: Հիշեցնենք, որ քաղխորհրդի ժամանակ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը պետք է բարձրացնի ԱԺ ՕԵԿ խմբակցության նախկին անդամ Կարեն Բոթոյանի՝ կուսակցությունից հեռացնելու հարցը: Մամլո խոսնակը նշեց, որ այդ հարցն ուժի մեջ է մնում. «Իշխան Խաչատրյանը եւս մեկ անգամ վերահաստատել է իր այն որոշումը, որ դիմելու է ՕԵԿ քաղխորհրդին՝ Կարեն Բոթոյանին կուսակցությունից հեռացնելու համար: Այսինքն՝ ոչինչ չի փոխվել, այդ խնդիրն օրակարգում է»:

ԿՈՆԴԵՑԻՆԵՐԻ ՀՈՒՅՍԸ

Սերժ Սարգսյանի հետ վերջին հանդիպումից հետո կոնդեցիների կյանքում կարծես թե դրական տեղաշարժ կա: Նրանց պատմելով՝ այս հարցով հետաքրքրված է նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ավելին՝ կոնդեցիների մոտ խոսակցություններ են պտտվում այն մասին, որ առաջիկայում պետբյուջեից գումար է հատկացվելու այս խնդրի լուծման նպատակով: «Կարծես թե մեր հայ պաշտոնյաները մտադիր են այս խնդրին շուտափույթ լուծում տալ: Բայց եթե այս մեկ շաբաթվա մեջ ինչ-որ հստակ տեղեկություն չստանանք մեր մասով, ապա նորից կգնանք ու նախագահի ճանապարհը կկտրենք, կբողոքենք: Մտադիր են գումար հատկացնել: Նախ՝ պետք է ֆինանսական աղբյուրը լինի, որպեսզի շինարարությունը շարունակվի»,- ներկայացրեց բնակիչներից մեկը՝ նշելով, որ հատկացված գումարով կամ կփոխահատուցեն տուժած կոնդեցիներին, կամ էլ՝ շենքի շինարարությունը կվերսկսեն:




Լրահոս