ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԺԳՈՀ ԵՆ

Երեկ ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ արտերկրում ՀՀ դեսպաններն իր հետ հանդիպման ժամանակ դժգոհել են ՀՀ նախարարներից: Ըստ վարչապետի՝ դեսպանները նշել են, որ իրենց ներկայացրած ներդրումային ծրագրերը եւ իրենց առաջարկներն անուշադրության են մատնվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դեսպանները դժգոհել են նաեւ իրենց ֆինանսական դրությունից ու նշել, որ դեսպանատները հիմնականում «պահում» են իրենց սեփական միջոցներով: Նաեւ վարչապետին ասել են, որ արդեն անհնարին է դառնում այդկերպ աշխատել: Իսկ ՀՀ վարչապետն էլ նշել է, որ ինքը կփորձի նաեւ այդ հարցին լուծում գտնել:

ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՐՏԱԴՐՎԱԾՆԵՐԸ

Ըստ Panorama.am-ի՝ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պոլիկլինիկաներում պարտադիր կուտակային կենսաթոշակի գանձումները շարունակվում են: Լրատվամիջոցին հասած դժգոհությունների համաձայն՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պոլիկլինիկաներում աշխատողներին պարտադրում են դիմումներ չգրել, իսկ գրողներին էլ սպառնում են ազատել աշխատանքից: Երեւանի կենտրոնում գործող թիվ 4 պոլիկլինիկայում ասել են, որ իրենց մոտ պարտադրանք կամ սպառնալիք չկա, եւ աշխատողներն ըստ իրենց ցանկության են առաջնորդվում: Թիվ 5 պոլիկլինիկայում, որը գտնվում է Նորք-Մարաշ վարչական շրջանում, տնօրեն Սամվել Ռաֆյանը հարցը լսելուն պես ասաց, որ չի կարող պատասխանել դրան, քանզի ունի վերադասներ եւ այդ հարցերին նրանք ավելի լավ կարող են պատասխանել: «Իմ ղեկավարած հիմնարկն է, բայց, վերջիվերջո, սա պետական հիմնարկ է, եւ ես ունեմ վերադասներ»,- բացատրեց Ռաֆյանը` հստակ չասելով` այդ հիմնարկում գանձումներ կատարվո՞ւմ են, թե՞ ոչ: Ըստ կայքի՝ հետաքրքիր էր պատկերը Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանների բնակչության մի մասին սպասարկող թիվ 8 պոլիկլինիկայում, որի տնօրենը նույն ինքը՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի դուստրն է` Արմինե Հարությունյանը:

ՊՈՐՈՇԵՆԿՈՆ ԷԼ ԽԱԲԵՑ

Նախընտրական քարոզչության շրջանում Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել էր հաղթանակի դեպքում վաճառել իր բիզնեսը: Սակայն, հակառակ իր բոլոր ակտիվները վաճառելու խոստումներին, Պորոշենկոն որոշել է մի նոր գործարան ձեռք բերել, տեղեկացնում է LB.ua-ն: Միլիարդատեր Պորոշենկոյի կողմից Կիեւի փորձարարական արտադրանքի գործարանի գնման գործարքին հավանություն է տվել Ուկրաինայի հակամենաշնորհային կոմիտեն: «Փրայմ էսսետս կապիտա»-ը, որը կառավարում է Պյոտր Պորոշենկոյի բոլոր ակտիվները, ստացել է Կիեւի փորձարարական սարքավորումների գործարանի 50 տոկոս բաժնետոմսերի գնման իրավունքը»,-տեղեկացրել են Հակամենաշնորհային կոմիտեից: Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի ամենահայտնի բիզնեսը քաղցրավենիք արտադրող «Ռոշեն» կորպորացիան է:

ԴԵՍՊԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ

Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան հունիսի 1-ից Երեւանում է եւ անցել է աշխատանքային իր պարտականությունների կատարմանը: Երեկ «Ազատության» հետ զրույցում այս մասին հայտնեց Երեւանում Ուկրաինայի դեսպանատան խորհրդական Իգոր Ռոմանը:
Հիշեցնենք, որ Ղրիմի հարցում Հայաստանի իշխանությունների՝ Կրեմլին համահունչ դիրքորոշման հրապարակայնացումից հետո, սույն թվականի մարտի 21-ին Իվան Կուխտան հետ էր կանչվել Կիեւ:




Լրահոս