ԴՐՍԻՑ ԳԱԶՆ ԵՆ ԹԱՆԿԱՑՆՈՒՄ, ՆԵՐՍԻՑ՝ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը նախօրեին գրել էր, որ համաձայն մաքսային ծառայության հրապարակած տվյալների՝ Հայաստանը ՌԴ-ից ներմուծվող գազը սահմանի վրա գնում է 1000 խմ-ն՝ 217-220 դոլար արժեքով: Մինչդեռ, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանը ՌԴ-ից գազը պետք է ներկրեր 1000 խմ-ն՝ 189 դոլարով, եւ այդպես՝ 5 տարի շարունակ: Եվ ահա, իշխանությունները, գազի գնի շուրջ հանրային հաշվետվությամբ հանդես գալու փոխարեն, հայտարարում են էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին: Երեկ նման «աչքալուսանք» է տվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ ՀԾԿՀ ն:

ՀԾԿՀ տարածած հաղորդագրության համաձայն՝ նախատեսված է էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնել 3.8-4.3 դրամով: Ասել է թե՝ ներկայիս 38 դրամի փոխարեն 1կվտ/ժամ-ի դիմաց ՀՀ քաղաքացիները վճարելու են մինչեւ 43 դրամ: ՀԿԾՀ պնդմամբ՝ իրենք երկու ամիս ուսումնասիրություններ են կատարել այս ոլորտում ու պարզել. «2014-2015 թվականներին սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ»: ՀԿԾՀ գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության եւ սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ու հիմա ոչ թե ՀԷՑ-երի, այլ՝ հենց ՀԿԾՀ նախաձեռնությամբ նախատեսվել է էլեկտրաէներգիայի սակագների վերանայում եւ բարձրացում:
Այս փաստն ուշագրավ է մեկ այլ առումով՝ վերջին շրջանում մութ ամպեր են կուտակվում «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության գլխին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հիմա արվում է ամեն ինչ՝ ՀԷՑ-երը սնանկացման տանելու համար: Այդ քայլի նպատակն է մի կողմից՝ հետաձգել ՀԷՑ-երի հարկային պարտավորությունները, մյուս կողմից՝ ոմանք աչք ունեն ընկերության վրա ու հիմա ցանկանում են այն ձեռք բերել շատ էժան գնով: Իսկ դրա ամենակարճ ճանապարհներից մեկն ընկերությունը սնանկ ճանաչելն է: Պատահական չէ, որ մայիսի 16-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը խախտումների համար 20 մլն դրամի չափով տուգանել էր ՀԷՑ-երին. սա եւս մեկ քայլ է՝ ընկերությունը սնանկության տանելու:
Այժմ ՀԷՑ-երը հանդիսանում են ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկությունը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հիմա այն ցանկանում է ձեռք բերել ռուսական «Ռոսնեֆթ» հայտնի կազմակերպությունը: Տեղեկացնենք, որ «Ռոսնեֆթ»-ի ղեկավարները հաճախ են այցելում Հայաստան եւ ամեն անգամ պարտադիր հյուրընկալվում Սերժ Սարգսյանին: Սա, թերեւս, պատահական չէ. «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ ռուսական ընկերության անվան տակ ՀԷՑ-երը ցանկանում են ձեռք բերել հենց ՀՀ իշխանությունները: Խոսվում է նաեւ ՀԷՑ-երը ռուսական մեկ այլ ընկերության՝ «Գազպրոմ»-ին վաճառելու մասին, բայց այնպես, որ ներկայացուցիչները լինեն Ս.Սարգսյանի շրջապատի մարդիկ:
Ի դեպ, ՀԷՑ-երից եւս չեն հերքում իրենց ֆինանսական վատ վիճակի մասին լուրերը. «2013-2014թթ. ընթացքում «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն պլանային նորոգման համար նախատեսված ժամկետից ավելի երկար ժամկետով է կանգնել նորոգման, ինչպես նաեւ գետերի բնական ելքերով պայմանավորված հիդրոէլեկտրակայանները չեն կարողացել ապահովել նախատեսված ծավալով էլեկտրական էներգիայի արտադրությունը, որի արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պահանջարկի բավարարման նպատակով ստիպված է եղել գնել ջերմային էլեկտրակայանների կողմից արտադրված թանկ էլեկտրաէներգիա: Արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ներկայում ունի որոշ ֆինանսական դժվարություններ»,- «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը: Սակայն մյուս կողմից՝ նա հերքել է սնանկացման մասին խոսակցությունները: «ՀԷՑ-ը ոչ մի ֆինանսական կառույցի, այդ թվում նաեւ բանկերի հանդեպ չունի որեւիցե ժամկետանց պարտավորություն, դրանք կառավարելի են եւ սնանկացման պատճառ չեն կարող հանդիսանալ»,- ասաց Սարջանյանը՝ հերքելով նաեւ ընկերության սեփականատիրոջ փոփոխությունների մասին լուրերը: Ինչպես ասում են՝ կապրենք, կտեսնենք:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս