ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ ԱՆՑՆԵԼ ԳԱՂՏՆԻ ՌԵԺԻՄԻ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդի շուրջ աղմուկը շարունակվում է: Համալիրը ԴԱՀԿ-ի ապօրինությունների համար դիմել է Վերաքննիչ դատարան: Երեկ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ Վերաքննիչ դատարանը մարզահամերգային համալիրի ներկայացուցչին ասել է` ստորագրեք, որ համալիրի ԴԱՀԿ ապօրինությունների քննությունն իրականացվի դռնփակ նիստով, ինչը համալիրի ներկայացուցիչը մերժել է:
Այս կապակցությամբ հեռախոսազրույց ունեցանք համալիրի սեփականատեր Հարություն Մուրադյանի հետ:
-Պարոն Մուրադյան, Դուք ասել էիք, որ համալիրի շուրջ ստեղծված այս իրավիճակն իրականացվել է նախորդ կառավարության օրոք, երբ Դավիթ Սարգսյանն էր ֆինանսների նախարարը: Նշել էիք , որ սա, միգուցե, մտածված ծուղակ էր Ձեզ համար: Ըստ Ձեզ՝ արդյո՞ք Դավիթ Սարգսյանը կարող էր մենակ կազմակերպել այս ամենը, թե՞ այլ մարդիկ եւս կան նրա թիկունքին: Կարո՞ղ եք կոնկրետ անուններ տալ, թե ում էր ձեռք տալիս, որպեսզի համալիրը վերցնեն Ձեր ձեռքից:
-Ես անուններ չեմ հնչեցրել: Ասել եմ, որ այն ժամանակ, երբ ՀՀ կառավարությունը բյուջետային վարկ էր տրամադրում, ինչո՞ւ հաշվի չէր առնում, որ տարեկան 200-400 միլիոն դրամ վնասով աշխատող կազմակերպությունն ինչ աղբյուրներով է այդ վարկը մարելու: Ուստի սա, միգուցե, ծուղակ էր մեզ համար, բայց հիմա համոզված եմ, որ սա ոչ միայն ծուղակ է, այլ՝ այլանդակություն: Այս կապակցությամբ դիմել ենք ներկայիս վարչապետին, որպեսզի հարցի կարեւորությունից ելնելով ողջամիտ ժամանակ տրամադրեն վարկը մարելու համար:
-ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից արձագանք կա՞:
-Դեռ ոչ:
-«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ձեր եղբայրը, ով Իրաքի Հանրապետությունում Հայաստանի դեսպանն է, նախօրեին Սերժ Սարգսյանի կողմից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած դեսպանների ժողովին չի մասնակցել, քանի որ խիստ վիրավորված է:
-Չգիտեմ, թե ինչու նա չի մասնակցել, միգուցե խնդիրներ են եղել, բայց կարծում եմ՝ Մուրադն ինքը համարձակություն կունենա եւ հրապարակային կասի, թե ինչու չի մասնակցել:
-Իսկ տեղյա՞կ եք` Ձեր եղբայրը փորձե՞լ է խնդրի մասին զրուցել ՀՀ իշխանությունների հետ:
-Իսկ ինչո՞ւ նա պետք է խոսի, ես, որպես համալիրի սեփականատեր, հայտարարել եմ, որ անօրինականություններ են կատարվում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից: Ավելին՝ ԴԱՀԿ մամուլի քարտուղարի միջոցով մեզ տեղեկություն են հասցրել, թե՝ ասեք ինչ անօրինականություն ենք արել, մենք էլ հատիկ-հատիկ ցույց ենք տվել: Իսկ իրենք ոչ մի պատասխան չեն տվել: Մենք դատարան ենք դիմել, եթե այս գործը վարույթ չընդունվի, մենք դիմելու ենք դատախազին: Ինչ է սա նշանակում, ինչ են անում, ինչ-որ մեկը քնում արթնանում է եւ իր հեռահար նպատակներն օգտագործելով համալիրն աճուրդի է հանո՞ւմ: Դա չի լինի, այդ ապօրինություններն ի չիք են դառնալու: Մենք հանգիստ ենք, դեռ սպասում ենք: Ոչ իրավասու կառույց են ստեղծել՝ ի դեմս ԴԱՀԿ ծառայության, եւ պատկան մարմինների այս հանցավոր լռության հետեւանքով համալիրի աճուրդը շարունակվում է: Ամենազարմանալին այն է, որ այսօր Վճռաբեկ դատարանից մեր փաստաբանին ստիպել են, թե ստորագրություն տվեք՝ գործը քննել գաղտնի ռեժիմով, սա աբսուրդ է: Ոչինչ չեմ հասկանում, ինչ գաղտնի ռեժիմ: Հարցը հրապարակային է դարձել, աճուրդի են հանել մեր սեփականությունը, մի հատ էլ գաղտնի են ուզում քննել:
Վերջում Հարություն Մուրադյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ընտանեկան տարաձայնություններ, առավելեւս սկանդալ, գոյություն չունեն մեր եղբայրների միջեւ։ Ընդամենը մեկ տարաձայնություն է եղել 2005թ-ին, այն էլ ՄՀՀ որպես բիզնես պրոյեկտ գնելու եւ Հայաստանում ներդրումներ կատարելու վերաբերյալ: Այդ մասին ես հայտարարել եմ այն ժամանակ նույնիսկ ԱԺ-ում: Իսկ մեր ընտանիքի հետ պատահած դժբախտությունը շահարկելն անհիմն է եւ ոչ բարոյական»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ