ՄԱՐԶԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳՈՐԾԱՐԱՐ ՆԱԽԱՐԱՐԸ

Հունիսի 3-ին Տավուշի մարզպետարանում կայացած մարզխորհրդի նիստի ժամանակ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ասաց, որ Տավուշի մարզի բնակիչները բացի հողագործությամբ զբաղվելուց, նաեւ հայրենիքի սահմանների պաշտպանությունն են իրականացնում, որ նախագահ Սերժ Սարգսյանը եւ նոր ձեւավորված կառավարությունը մեծ ուշադրություն են դարձնում սահմանամերձ մարզի խնդիրներին, գյուղատնտեսության զարգացմանը: Գյուղնախարարն ասաց, որ Տավուշի մարզում խաղողի մթերման հարցում խնդիրներ չկան եւ աճեցված բերքն ամբողջությամբ իրացվում է: Ս. Կարապետյանը հավելեց. «Պտուղ-բանջարեղենի առումով որոշակի դժվարություններ կան, որովհետեւ վերամշակող գործարանների մի մասը դեռեւս լիարժեք չի աշխատում, դրա համար մենք կազմակերպում ենք Տավուշի տարածաշրջանի դեղձի բերքի տեղափոխումն Արարատյան դաշտավայր եւ այնտեղ վերամշակում: Ես խոստանում եմ, որ այս տարի էլ այս հարցում խնդիրներ չենք ունենա, եւ աճեցված ամբողջ բերքը՝ պտղի եւ խաղողի, ամբողջությամբ կմթերվի մթերող կազմակերպությունների կողմից: Եվ կաշխատենք այնպես անել, որ ժամանակին վճարումները կատարվենե: Նախարարը չասաց, որ անցած տարիներին մարզի դեղձի բերքի զգալի մասը պետք է ընդուներ, բայց սակավ չափով է ընդունել Այրումի պահածոների գործարանը, որի սեփականատերը 2008թվականից «Արտֆուդ» ընկերությունն է: Իսկ այս ընկերության հիմնական սեփականատերն էլ Սերգո Կարապետյանն է կամ իր ընտանիքը: Երեւի տնտեսական ինչ-ինչ շահեր թելադրում են, որ Սերգո Կարապետյանը Այրումում ընդունված դեղձը վերամշակի ոչ թե տեղում, այլ՝ Արտաշատում: Վերջին տարիներին Այրումի պահածոների գործարանը քիչ քանակությամբ է դեղձ ընդունել, այն էլ՝ շատ համեստ գնով, էլ չասած, որ որոշ դեպքերում մթերված բերքի դիմաց վճարումներն ուշացել են: 2008թ. Այրումի պահածոների գործարանում շահագործման հանձնվեց մրգախյուսի արտադրամասը: Դրա գործարկման ժամանակ Սերգո Կարապետյանը Սերժ Սարգսյանին վստահեցնում էր, որ Այրումի պահածոների գործարանը ընդունելու եւ վերամշակելու է Դեբեդի հովտի դեղձի այգիների ողջ բերքը: Սակայն 2013թ. մրգախյուսի արտադրամասի սարքավորումները հանվեցին եւ տեղափոխվեցին Արտաշատ: 2012թ. ապրիլի 21-ին նախընտրական այցի ժամանակ այրումցիները Սերժ Սարգսյանին խնդրում էին միջոցներ ձեռնարկել, որ Այրումի պահածոների գործարանն աշխատի, քանի որ ժամանակին Այրում բանվորական ավանը ստեղծվել է հենց գործարանի հենքի վրա: Մինչ օրս, սակայն, տեղաշարժ չկա: Ավելի ճիշտ` կա, դեպի հետ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս