ԳԱԶԱՅԻՆ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ «ՏԱՄՈԺՆՈՒ» ՆՈՐ ՕՐԱՑՈՒՅՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում տեղեկացրել էր, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը ՌԴ-ից գազը ձեռք է բերել 1000 խմ-ն՝ 220 դոլար արժեքով, մինչդեռ պայմանագրով նախատեսված է գազի սակագին՝ 189 դոլար: Այս փաստը «Ժողովուրդ»-ը բացահայտել էր՝ ուսումնասիրելով ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայության վիճակագրական տվյալները, համաձայն որոնց՝ առաջին եռամսյակում ՀՀ-ն ՌԴ-ից ներկրել է 845 հազար 231 խմ գազ՝ 186 մլն 603.8 հազար դոլար արժողությամբ:

Երեկ, սակայն, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հերքել է ՀՀ ֆինանսների նախարարության այս տվյալները: Ըստ «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանի՝ ՌԴ-ից ՀՀ ներկրվող բնական գազի համար իրենց ընկերությունը վճարում է պայմանագրում ֆիքսված գինը՝ 189 դոլար: Նա նաեւ ներկայացրել էր փաստաթղթեր, համաձայն որոնց՝ 2014թ. առաջին եռամսյակում ՀՀ ներկրվել է 719 հազար 138 խմ գազ՝ 136 մլն 485 հազար 201 դոլար արժողության: Ըստ Սարդարյանի հրապարակած փաստաթղթի՝ հունվարին ՌԴ-ից ՀՀ ներկրվել է 324 հազար 219 խմ, փետրվարին՝ 233 հազար 586 խմ, իսկ մարտին՝ 161 հազար 333 խմ գազ: Փաստորեն, ստացվում է, որ ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն այլ թիվ է հրապարակում, ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայությունը՝ բոլորովին այլ: Ընդ որում, այդ թվերը հակասում են իրար եւ էականորեն տարբերվում:
Թե ինչպես է ստացվել այս տարբերությունը, մեկնաբանությունների համար դիմեցինք ՀՀ ֆինանսների նախարարությանը: «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից պարզաբանեցին, որ իրենք եռամսյակային տվյալները հավաքագրում են այլ մեթոդոլոգիայով: «2014թ. առաջին եռամսյակի մաքսային վճակագրության տվյալներում ներառված են 2013թ. դեկտեմբերին եւ 2014թ. հունվարին ու փետրվարին փաստացի ներկրված գազի ցուցանիշները: Քանի որ նախորդ տարի գազի գինը բարձր էր այժմ գործողից, Ձեր նշած մաքսային արժեքը ձեւավորվել է 2013-ի դեկտեմբեր (մաքսային արժեքը` 280.9 ԱՄՆ դոլար), 2014-ի հունվար (մաքսային արժեքը` 189.8 ԱՄՆ դոլար) եւ փետրվար (մաքսային արժեքը` 189.8 ԱՄՆ դոլար) ամիսներին փաստացի ներկրված գազի մաքսային արժեքների հանրագումարի արդյունքում, հետեւաբար եռամսյակային կտրվածքով միջինացված ցուցանիշը կազմել է 220.8 ԱՄՆ դոլար»,-նշված է նրանց ուղարկած պարզաբանման մեջ: Այլ կերպ ասած, Գագիկ Խաչատրյանի ղեկավարած կառույցը տարվա սկիզբը հաշվում է ոչ թե հունվարի, այլ՝ դեկտեմբերի 1-ից, հետեւաբար՝ եթե ֆիննախը հրապարակում է 2014թ. առաջին եռամսյակի ցուցանիշները, դրանք այնքան էլ կապ չունեն 2014թ. առաջին երեք ամիսների հետ: Սա, անշուշտ, նոր խոսք է հայ իրականության մեջ, եւ եթե այսպես շարունակվի, Հայաստանը շուտով «տամոժնու» նոր օրացույցով կառաջնորդվի:
Բայց միեւնույն ժամանակ, որքանո՞վ է ճիշտ Ֆինանսների նախարարության այս պնդումը: Եթե ընդունենք, որ 2014թ. առաջին եռամսյակը դեկտեմբեր-փետրվար ամիսներն են՝ ինչպես պնդում է նախարարությունը, ապա պաշտոնական տվյալներով՝ այդ ընթացքում ՀՀ ներկրվել է 719 հազար 138 խմ գազ: «Գազպրոմ Արմենիա» ընկերության փաստաթղթերի համաձայն, միայն հունվար-փետրվար ամիսներին ՀՀ ներկրվել է 557 հազար 805 խմ գազ: Ստացվում է՝ դեկտեմբերին ՀՀ ներկրվել է 161 հազար 333 խմ գազ (պարզ թվաբանություն. 719138-555805=161333): Բայց արի ու տես, որ այս թիվը խիստ անհավանական է. շեշտենք, որ խոսքը դեկտեմբեր ամսի մասին է, երբ ՀՀ-ում բավականին ցուրտ եղանակ էր, բացի այդ՝ պայմանավորված ամանորյա տոներով, մեծ էր նաեւ գազի սպառումը: Բացի այդ, տեսականորեն չի կարող դեկտեմբերին ավելի քիչ գազ ներկվի, քան մարտին: ՀՀ ֆինանսների նախարարության նշած տվյալները հերքում են ՀՀ պետական մեկ այլ գերատեսչության՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փաստաթղթերը: ՀՀ գազամատակարարման մասին հաշվետվության մեջ նշված է, որ 2013թ. դեկտեմբերին ՀՀ-ն ՌԴ-ից ներկրել է 287 հազար 430 խմ գազ: Նկատեցի՞ք՝ 287 հազար 433-ն ամենեւին էլ 161 հազար 333-ը չէ: Ասել է թե՝ այստեղ էլ թվերը չեն համընկնում: Էլ չենք խոսում այն մասին, որ, սովորաբար, դեկտեմբերին ՀՀ-ն 250 հազար խմ-ից պակաս գազ չի ներկրել:
Իմիջիայլոց, մեկ հիշեցում. 2011թ. եւս, երբ մաքսային վիճակագրությունից պարզվեց, որ սահմանին գազի գինը բարձրացել է, դրա դիմաց մեծ պարտքեր են կուտակվում (քանի որ թանկ գնած գազի դիմաց բնակչությունը շարունակում էր վճարել նույն գնով), իշխանությունները միաբերան հակառակն էին պնդում: 2013թ. դեկտեմբերին իշխանությունները խոստովանեցին, որ այդ ողջ ընթացքում գազը սահմանին իրոք թանկ գնով են ձեռք բերել, եւ դրա դիմաց վճարեցին «ՀայՌուսգազարդ» ընկերության հայկական 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմ»-ին նվիրելով: Ուստի, չի բացառվում, որ իրոք գործ ունենք հերթական նման դեպքի հետ: Համենայնդեպս, պաշտոնական թվերը հակասում են միմյանց, ինչը հուշում է կեղծիքների կամ թաքցված փաստերի մասին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս