ԻՆՉՊԵՍ ՏԵՂԵԿԱՆՔ ՏՐՎԵՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել լրագրողական հետաքննության արդյունքները` 2012թ. ԱԺ ընտրությունների ժամանակ Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում առաջադրված Էդմոն Մարուքյանին տրված վիճահարույց տեղեկանքի շուրջ: Մեր նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էինք այդ գործում ՀՀ նախկին գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի դերակատարությանը: Այժմ անդրադառնանք ՀՀ Ոստիկանությանը, որը Հայաստանից 1 տարի 17 օր մշտապես բացակայած Մարուքյանին պատգամավորության թեկնածու գրանցվելու համար տվել է տեղեկանք, թե իբր նա վերջին հինգ տարում մշտապես բնակվել է Հայաստանում:

Հիշեցնենք, որ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը 2012թ. հունիսի 21-ին դիմել էր ՀՀ Ոստիկանությանը, որպեսզի վերջինս պարզի, թե ինչպես կարող էր Մարուքյանը 2009թ. օգոստոսից մինչեւ 2010թ. հուլիս ամիսը ստացիոնար հիմունքներով լիարժեք հաճախելով ուսանել ԱՄՆ-ի Մինեսոտայի պետական համալսարանում, շուրջ մեկ տարի բնակվել ԱՄՆ-ում եւ միաժամանակ Վանաձորի անձնագրային ծառայության կողմից ստանալ վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք:
Ոստիկանության` լրատվամիջոցին տված պաշտոնական պատասխանում մասնավորապես ասված էր. «Հայաստանից դուրս 6 ամիս ժամկետով անընդմեջ բնակվելու հանգամանքն անձնագրային եւ վիզաների վարչությունը ստուգել է բոլոր այն դեպքերում, երբ օրինական (լեգալ) աղբյուրներից (իրավապահ մարմիններ, զանգվածային լրատվության միջոցներ) տեղեկատվություն է ստացվել տեւական ժամանակով Հայաստանի Հանրապետությունից դիմումատուների բացակայության մասին: Նման դեպքերում անձնագրային եւ վիզաների վարչությունը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով սահմանված փոխօգնություն ստանալու իրավունքից, անհրաժեշտ տեղեկություններ է ձեռք բերել ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էդմոն Մարուքյանը 02.07.1998թ-ից հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայրի՝ Վանաձոր քաղաքի Գ. Լուսավորիչի փ., շ. 53, բն. 59 հասցեում, նրա նկատմամբ հետախուզում հայտարարված չի եղել, տեղեկանքը տրամադրելիս բացակայել են Հայաստանի Հանրապետությունից դուրս մշտապես բնակվելու վայրը հավաստող ապացույցներ, վերջինիս իրավաչափորեն տրամադրվել է պահանջվող փաստաթուղթը»: (տես՝ «Չորրորդ Ինքնիշխանություն», 4 հուլիսի, 2012թ.):
Այսպիսով` ստացվում է, որ Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը պարզապես անտեղյակ են եղել, որ ԱԺ պատգամավորության թեկնածուի տեղեկանք հայցող Է. Մարուքյանը 2009թ. հունիսի 13-ից մինչեւ 2010թ. հունիսի 30-ը՝ 1 տարի 17 օր մշտապես բացակայել է Հայաստանից: Թե ինչ է նշանակում վերը նշված մարմինների մասնագիտական «անտեղյակությունը»` մեկնաբանելու կարիք չկա: Առավելեւս, որ ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում տարիների, ամիսների, օրերի, րոպեների եւ վայրկյանների ճշգրտությամբ արձանագրված է 2009թ. հունիսի 13-ից մինչեւ 2010թ. հունիսի 30-ը ԱՄՆ-ում մշտապես գտնվող Մարուքյանի՝ 1 տարի 17 օր Հայաստանից մշտապես բացակայելու փաստը:
Էդմոն Մարուքյանի մուտքի եւ ելքի վերաբերյալ վերը նշված համակարգում ներկայացված տեղեկատվությունն ամբողջությամբ արդեն իսկ հրապարակել ենք «Ժողովուրդ» թերթի նախորդ հրապարակումներում:
Ինչ վերաբերում է «Չորրորդ Ինքնիշխանություն» թերթի՝ 2012թ. հուլիսի 4-ին Ոստիկանության տված պատասխանի այն հատվածին, որ Էդմոն Մարուքյանին «Տեղեկանքը տրամադրելիս բացակայել են Հայաստանի Հրապետությունից դուրս մշտապես բնակվելու վայրը հավաստող ապացույցներ, վերջինիս իրավաչափորեն տրամադրվել է պահանջվող փաստաթուղթը», ապա նկատենք, որ ՀՀ Ոստիկանությունը իր գրավոր պաշտոնական պատասխանում նաեւ նշել է, որ պատգամավորության թեկնածուի համար ՀՀ Ոստիկանության «անձնագրային ծառայությունների կողմից դիմումատուներին առաջարկվել է ներկայացնել ապացույցներ այս կամ այն բնակելի տարածությունում փաստացի բնակվելու վերաբերյալ» (տես «Չորրորդ ինքնիշխանություն», 4 հուլիսի, 2012 թ.): Այսպիսով, որպես դիմումատու պատգամավորության թեկնածու Մարուքյանը պարտավոր էր «ներկայացնել ապացույցներ» 2007-2012 թթ., այսինքն՝ վերջին 5 տարում «այս կամ այն բնակելի տարածությունում փաստացի բնակվելու վերաբերյալ», այսինքն՝ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ արտասահմանում «փաստացի բնակվելու վերաբերյալ», որը նա չի կատարել: Իր նախընտրական բուկլետում նա ընդհանուր ձեւով հիշատակել է ԱՄՆ-ում սովորելու մասին՝ չնշելով կոնկրետ ժամկետներ:
Անգամ այս փաստի պարագայում, երբ պատգամավորության թեկնածուի համար ՀՀ Ոստիկանության «անձնագրային ծառայությունների կողմից դիմումատուին» առաջարկվել է ներկայացնել ապացույցներ այս կամ այն բնակելի տարածությունում փաստացի բնակվելու վերաբերյալ ՀՀ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը՝ Մարուքյանի դեպքում տարօրինակ կերպով չէր ստուգել, թե ինչպե՞ս էր կատարվել իր իսկ ընդունած այդ որոշումը: Այս ամենից կարելի է ենթադրել, որ կեղծ տեղեկանք ձեռք գցելու նպատակով Մարուքյանը համաձայնության գալով իրավասու մարմինների հետ` մտածված ու դիտավորյալ ձեւով խախտել է Ոստիկանության կողմից պատգամավորության թեկնածուներին առաջարկված վերոհիշյալ սկզբունքը, որի համաձայն՝ դիմումատուները պետք է «ներկայացնեն ապացույցներ այս կամ այն բնակելի տարածությունում փաստացի բնակվելու վերաբերյալ»:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ
շարունակելի




Լրահոս