«ՄԵՐ ԽԱՉԸ» ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
Լոս Անջելեսում լույս է տեսել Սալբիի «Մեր խաչը» պատմվածքների հավաքածուն: 1921թ. Ֆրանսիայում տպագրված գիրքը անգլերեն է թարգմանվել Իշխան Ջինբաշյանի կողմից: Նոր հրատարակությունը ներառում է հայկական բնօրինակից նկարազարդումների վերարտադրություններ:
Սալբին Արամ Սահակյանի կեղծանունն է։ Նա եղել է բժիշկ, գրող, լրագրող եւ քաղաքական ակտիվիստ: Նրա պատմվածքներում պատմվում է Հայոց ցեղասպանության հետեւանքով տուժած հայ հասարակության տարբեր շերտերի անձնական փորձի մասին: Առաջին աշխարհամարտի ժամանակ թուրքական բանակում ծառայության ընթացքում Սահակյանը հանդիպել է շատ հայ զինվորների ու սպաների հետ, ովքեր պատմել են, թե ինչպիսի ծանր կացության մեջ են հայտնվել իրենց ընտանիքները հայկական համայնքներում թուրքական կառավարության կողմից իրականացված տեղահանումների եւ կոտորածների հետեւանքով: Ավելի ուշ, Եգիպտոսի Պորտ-Սաիդ քաղաքում փախստականների հայկական ճամբարներում բժշկական ծառայության, ինչպես նաեւ Պաղեստին, Լիբանան եւ Սիրիա ճանապարհորդության ընթացքում, Սահակյանը հանդիպել է ցեղասպանությունը վերապրած բազմաթիվ հայերի հետ, ովքեր ձգտում էին նորմալ կյանք վերադառնալ եւ միավորվել սիրելիների հետ:
ՎԱՆ ԳՈԳԻ ԱԿԱՆՋԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ
Երբ 100 տարի առաջ հայտնի հոլանդացի գեղանկարիչ Վինսենտ Վան Գոգը կտրեց իր ականջն ու թղթի մեջ փաթաթած ուղարկեց մի ֆրանսիական հասարակաց տուն, նա անգամ պատկերացում չուներ, որ տարիներ անց մասնագետներին կհաջողվի նորարարական տեխնոլոգիաների միջոցով վերստեղծել դրա կրկնօրինակը: Գերմանացի մասնագետներն, օգտագործելով Վան Գոգի եղբոր՝ Թեոյի թոռան թոռի՝ Լյով վան Գոգի ականջի կռճիկը, 3D տպիչի միջոցով աճեցրել են տաղանդավոր նկարչի կտրված ականջի կրկնօրինակը: Համակարգչային մոդելավորման շնորհիվ ստացված նմուշը հնարավորինս նման է Վան Գոգի ականջին: Ներկայում ականջը ցուցադրվում է Գերմանիայի թանգարաններից մեկում:
ԵՂԲԱՅՐԸ ԴԵՐ ԿՍՏԱՆԱ
Կալիֆոռնիայում ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացած դերասան Փոլ Ուոքերի կրտսեր եղբայրը դեր կստանա հանրահայտ «Ֆորսաժ» ֆիլմաշարի հերթական մասում: 25-ամյա Քոդի Ուոքերը կմիանա դերասանական կազմին, իսկ նրա հանգուցյալ եղբոր կերպարը՝ Բրայան Օ՛Քոնորը, կգնա հանգստի: