ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, դիմում-հայտում նշված որեւէ մասնագիտությամբ (ըստ հայտերի հերթականության) ընդունված դիմորդն իրավունք ունի մասնակցել հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին, թե ոչ:

Հերմինե Գրիգորյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ոչ, չի մասնակցում: Մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել վճարովի լրացուցիչ տեղերի մրցույթին` այդ մասին նախապես նշելով դիմում-հայտում: Լրացուցիչ մրցույթով ընդունվածները չեն կարող օգտվել «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28 հոդվածի 6-րդ կետով նախատեսված` ուսման տարեկան վարձի փոխհատուցման, իսկ տղաները՝ նաեւ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի առաջին կետի «ա» ենթակետով նախատեսված՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու արտոնություններից:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2014-2015թթ. ուսումնական տարվա ընթացքում պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով հատկացվելու է 2123 տեղ:

 

ՀԱՐՑ. ՀՀ քաղաքացին ժամանակին խուսափել է պարտադիր զինվորական ծառայութունից: Հիմա լրացել է նրա 27 տարին եւ նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում: Խնդրում եմ ասեք, ի՞նչ պետք է անի այս դեպքում, ո՞րն է նրա հետագա քայլը:

Ալլա Օհանյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացին պարտավոր է ներկայանալ իր հաշվառման վայրի (կամ փաստացի բնակության վայրի) զինվորական կոմիսարիատ կամ իրավապահպան մարմին: Զինվորական կոմիսարիատը եւ իրավապահ մարմինը զինծառայությանը պիտանիության հարցը որոշելու համար ձեռնարկում են միջոցներ եւ քաղաքացուն ներկայացնում զորակոչային հանձնաժողով: Եթե զորակոչային հանձնաժողովը կայացնում է քաղաքացուն զորակոչելու մասին որոշում, ապա իրավապահ մարմնի կողմից, օրենքով սահմանված կարգով, դադարեցվում է քրեական հետապնդումը եւ քաղաքացին զորակոչվում է բանակ` առանց հետագայում որեւէ բացասական իրավական հետեւանքի:
Իսկ այն դեպքում, եթե պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած եւ 27 տարին չլրացած քաղաքացին մինչեւ 2011թ. մայիսի 1-ը ձեռք է բերել զինվորական ծառայությունից ազատվելու հիմք (օրինակ՝ դարձել է գիտությունների դոկտոր), կամ ունի զորակոչից տարկետում ստանալու հիմք (օրինակ՝ ծնվել է նրա երկրորդ երեխան), նա կարող է պետական բյուջե մուծել օրենքով սահմանված կոնկրետ վճարներ, որի արդյունքում կդադարեցվի քրեական հետապնդումը, նա կհաշվառվի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորում եւ կստանա զինվորական գրքույկ:

ՀՀ սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս դեպքում նախ պետք է պարզել, թե քաղաքացին ինչ հանգամանքների բերումով է խուսափել պարտադիր զինծառայությունից, որից հետո միայն պարզ կլինեն նրա հետագա անելիքները. կա՛մ օրենքի շրջանակներում կդադարեցվի քրեական հետապնդումն ու կզորակոչվի բանակ, կամ էլ կկատարի համապատասխան վճարներն ու կստանա զինվորական իր գրքույկը:

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, ավագանին կարո՞ղ է չեղյալ համարել համայնքի ղեկավարի որոշումները:

Գառնիկ Ստեփանյան (71 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համայնքի ավագանու անդամը համայնքի ղեկավարի որոշումները ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, կարող է պահանջել հրավիրել ավագանու արտահերթ նիստ. եթե համայնքի ղեկավարի որոշումը, իր կարծիքով, հակասում է օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին, ապա նա պարտավոր է համայնքի ղեկավարին ներկայացնել գրավոր առարկություններ ու առաջարկություններ` համապատասխան հիմնավորումներով, առաջարկելով համայնքի ղեկավարին փոխել իր բողոքարկվող որոշումը:
Համայնքի ղեկավարի բողոքարկվող որոշումը փոփոխելու մասին համայնքի ավագանու որոշումը համայնքի ղեկավարին հանձնելու պահից` համայնքի ղեկավարի բողոքարկվող որոշման գործողությունը կասեցվում է մինչեւ համայնքի ղեկավարի կողմից դրա քննարկումը, եթե բողոքարկվող որոշումը դեռեւս չի կատարվել եւ եթե բողոքարկվող որոշման կատարումը հնարավոր է հետաձգել:
Համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում պարտավոր է քննարկել համայնքի ավագանու որոշումը եւ դրա վերաբերյալ կայացնել իր բողոքարկվող որոշումը` օրենսդրությանը կամ համայնքի ավագանու որոշումներին համապատասխանեցնելու կամ համայնքի ավագանու որոշումը չընդունելու մասին: Իր որոշումը համայնքի ղեկավարը պարտավոր է անմիջապես ուղարկել համայնքի ավագանու անդամներին: Եթե համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում համայնքի ավագանու որոշման վերաբերյալ որեւէ որոշում չի կայացնում, ապա համայնքի ղեկավարի բողոքարկվող որոշումը համարվում է վերացված: Համայնքի ղեկավարի որոշումները համայնքի ավագանին կարող է բողոքարկել դատական կարգով:

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով` օրենքը թույլ է տալիս համայնքի ավագանուն նույնիսկ դատարան դիմել եւ առաջացած խնդիրները լուծել դատական կարգով: Երեւանի ավագանու գործունեության ընթացքում կարծես թե նման մի նախադեպ եղավ, երբ «Բարեւ Երեւան» դաշինքը դիմեց դատարան` վիճարկելով ուղեվարձի թանկացման մասին քաղաքապետի որոշումը: Հայցը, սակայն, դատարանի կողմից մերժվեց:

 




Լրահոս