«Դեմ եմ» նախաձեռնությունն այսօր՝ ժամը 19:00-ին, Մատենադարանից երթ է կազմակերպում: Երթի նպատակն է ևս մեկ անգամ կոչ անել աշխատողներին պայքարել իրենց իրավունքների համար, համարձակ դիմումներ գրել գործատուներին և այդ դիմումներով պահանջել իրենց աշխատավարձից պահումներ չանել: Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանն armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք այնքան ժամանակ են պահանջելու և երթեր անելու մինչև հասնեն իրենց նպատակին:
Դավիթ Մանուկյանի խոսքով, իրենց պայքարն արդյունք տալիս է. « Մենք հավաստի տեղեկություններ ունենք, որ «Գրանդ Հոլդինգը» սկսել է իր աշխատակիցներից դիմումներ ընդունել, որը նախկինում չէր անում»:
Եթե նախորդ երթերի ժամանակ «Դեմ եմ» նախաձեռնության անդամները փակել են բանուկ և երթևեկելի փողոցներ, վաղվա երթի ժամանակ նման բան չի լինի: «Մեր երթը խաղաղ բնույթ ունի»,- ասաց Դավիթ Մանուկյանը:
Նախաձեռնության անդամից նաև հետաքրքրվեցինք` արդյոք իշխանությունն ընդառաջ կգնա «քառյակի» 12 կետանոց պահանջներին, որոնցից մեկը վերաբերում է կուտակային կենսաթոշակային օրենքում փոփոխություն անելուն, մասնավորապես քառյակը պահանջում է հանել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: «Կարծում եմ` եթե քառյակը որոշակի ճնշումներ գործադրի, իշխանությունը զիջումների կգնա»,- եզրափակեց Դավիթ Մանուկյանը: