Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ այսօրվա իր ելույթը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նվիրեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ու նրա հետ կապված սկանդալային պատմություններին:
«Տիգրան Սարգսյանի կառավարությունն ամենասկանդալային կառավարությունն էր՝ ամենասկանդալային վարչապետով»,-հայտարարեց նա և ներկայացրեց սկանդալների հիթ շքերթի տասնյակը:
10-րդ հորիզոնականում Փաշինյանը նշեց այն, որ 2008 թվականին, ի պատասխան ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի հարցին, թե ինչպես են խուսափելու համաշխարհային տնտեսական ճգնաժամից, Տիգրան Սարգսյանն առաջարկել էր տնտեսական ճգնաժամի մասին հնարավորինս քիչ խոսել կամ այն աղետի մասին, որ մեզ սպասվում է:
9-րդ տեղում Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի հայտարարությունն էր՝ ղալաթ անել, որ նախկին նախարարն ասել էր՝ ի պատասխան քառյակի: «Նա ասաց՝ ղալաթ անել 1/3-րդի հասցեին, երբ այդ 1/3-րդը փորձում էր իրականացնել իր սահմանադրական իրավունքը», – ընդգծեց նա:
8-րդ տեղում Տիգրան Սարգսյանի՝ հասարակության առաջ հարբած վիճակում հայտնվելն էր ու ելույթ ունենալը: «Նա մինչև վերջ էլ չասաց, որ հարբած է եղել»:
7-րդ սկանդալն, ըստ Փաշինյանի, Տիգրան Սարգսյանի հայտարարությունն էր արտագաղթի մասին, որ նա արել էր թերթում տված հարցազրույցի ժամանակ: «Հարցազրույցի ժամանակ ասել էր՝ «ի՞նչ անեմ, ամեն ինչ անե՞նք, որ մարդիկ չփախչեն Հայաստանից, այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ ու հեղափոխություն լինի՞»: Ապա նա այս ամբիոնից պնդեց, որ նման բան չի ասել, հետո համացանցում հայտնվեց այդ հարցազրույցի ձայնագրությունը»,-հիշեցրեց ՀԱԿ պատգամավորը:
6-րդ հորիզոնականում գազի հանրահայտ սկանդալն է, երբ կառավարությունը թաքցրել էր, որ գազի գինը թանկացել է: «Սա արել էր երեք ընտրություն մի կերպ գլուխ բերելու համար, «վստահության քվեն» ստանալու համար»,-նկատեց Փաշինյանը:
5-րդում արագաչափերի ու տեսանկարահանող սարքեր տեղադրելու որոշումն էր, որը «ՀՀ քաղաքացիների վրա դրել է լրացուցիչ 11 միլիարդ դրամի բեռ, որը մարդիկ նախկինում օգտագործում էին իրենց երեխաներին կոշիկ, սնունդ առնելու համար», – նկատեց նա:
4-րդ սկանդալը, Փաշինյանի կարծիքով, «Նաիրիտ» գործարանի հետ կապված սկանդալն է, երբ վարկ տրվեց անհայտ ընկերությանն ու «Նաիրիտը» սնանկացավ:
3-րդ սկանդալը, նրա խոսքով, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն էր, որ ՍԴ-ը ճանաչեց հակասահմանադրական:
2-րդում Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի կորուստն է:
1-ին հորիզոնականում աղմկահարույց օֆշորային սկանդալն է:
Հիթ-շքերթը ներկայացնելուց հետո Փաշինյանն ընդգծեց, որ Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք օտարերկրյա ներդրումները պակասել են: «Այստեղ են ասել՝ կանգ առ երկրագունդ, իջնող կա»,-եզրափակեց նա: