Եզդին անչափահաս սիրելիի կամքով փախցրել է նրան, բայց` դատապարտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եզդիական օրենքները Հայաստանում, կարծես թե, անտեսվում են:

Ասածիս վառ օրինակն են նախորդ տարվա դեկտեմբերի 10-ին ազգությամբ եզդի, Ջրաշեն գյուղի 24-ամյա բնակիչ Էդիկ Ազմանյանի կողմից Աբովյան քաղաքում անչափահաս 16-ամյա Ն. Ա.-ին փախցնելու հետևանքները:

Էդիկ Ազմանյանը վերոնշյալի համար, Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Յ. Բաղդասարյանի կայացրած վճռով, մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (անչափահասին մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ առևանգել) և դատապարտվել 4 տարվա ազատազրկման:

Ինչպես Armlur.am-ին հայտնեց «Եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանը, իրենց օրենքներով` եզդին իրավունք ունի անչափահաս աղջկան մինչ չափահաս դառնալը իր տուն տանել:

Այս պատմության մեջ հատկանշական է այն, որ Ն.-ն տվել է իր համաձայնությունը, որպեսզի իրեն փախցնեն, իսկ փախցնելու պատճառը փորձեցինք պարզել Էդիկի հարազատներից:

Armlur.am-ի հետ զրույցում Էդիկի քույրը` Էլմիրա Ազմանյանը, հայտնեց, որ եղբայրն այդ քայլին է գնացել այն ժամանակ, երբ իմացել է, որ իր սիրած աղջկան «ուրիշ ուզող ունի»:

«Ճանապարհին վարորդը մի քիչ արագ է վարել մեքենան, Աբովյանում ոստիկանները կանգնեցրել են ու տարել բաժին: Առաջին ատյանի դատարանն էլ վճռել է դատապարտել 4-ական տարվա ազատազրկման և եղբորս, և վարորդին: Նարինեն ասել է, որ փախչում է իր կամքով, ծնողներն էլ ոչ մի բողոք չեն ներկայացրել: Իրենք էլ դատարանում ասել են, թե` տղային ազատեք, նրանք պետք է ամուսնանան: Եղբայրս չդիմացավ, մտածեց` իրենից շուտ կգնան աղջկան կփախցնեն, որ ինքը չի կարող հասնել իր սիրածին: Եզդիական օրենքներով` վաղ ամուսնությունը նորմալ է, մեր նախագահը թույլ է տվել: Ի՞նչ են անում դատավորները` չորս տարի ազատազրկելով: Չէ՞ որ, դա խուլիգանություն չէ, ամուսնության նպատակով է արվել»,- ասաց Էլմիրան:

Տեղեկացնենք, որ Ն.-ն նույնպես ազգությամբ եզդի է և բնակվում է Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում:

Առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան և մակագրվել է դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանին:

Մեղադրական եզրակացության համաձայն` Էդիկ Ազմանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախնական համաձայնության գալով ընկերների` ՀՀ ՈԶ պայմանագրային զինծառայող Արմեն Ալեքսանյանի և Գոռ Գալստյանի հետ, գրկելու և ձեռքերից բռնելու և քաշելու եղանակով Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի դպրոցի հարակից տարածքից բացահայտ առևանգել է Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի բնակիչ անչափահաս Ն. Ա.-ին ու վերջինիս կամքին հակառակ նստեցրել «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան ու հեռացել տարածքից:

Այսինքն` Էդիկ Սյաբանդի Ազմանյանը կատարել է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, այն է` մարդուն առևանգելը մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ և անչափահասի նկատմամբ, պատժվում են ազատազրկմամբ՝ 7-10 տարի ժամկետով:

Գոռ Գալստյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ նույն հոդվածներով:

Արմեն Ալեքսանյանի պատիժը պայմանականորեն չի կիրառվել (ՀՀ քր. օր. 70 հոդ.):

Տաթև Հարությունյան




Լրահոս