Ինչպես արդեն տեղեկացրել էր armlur.am-ը, Վայոց ձորի Ազատեկ գյուղի ջրի խողովակները ցանկանում են ծառայեցնել ՀԷԿ կառուցելու նպատակին: Սակայն գյուղացիներն ամեն գնով թույլ չեն տալու տանել խողովակները: Ի դեպ, վերջիններս տեղյակ չեն` ով և որտեղ է հէկ կառուցու:
Armlur.am-ը փորձեց Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանից պարզել` ինչու են հէկ կառուցելու նպատակով տանում ջրի խողովակները, ով է հէկ-ի սեփականատերը, սակայն հեռախոսազանգերը մնացին անպատասխան:
Մեզ հաջողվեց կապ հաստատել մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանի հետ: Վերջինս, սակայն, զարմանալիորեն ասաց, որ տեղյակ չէ` ինչի մասին է խոսքը: Մարզպետի տեղակալն անգամ չգիտեր` այդ հէկ-ը որտեղ են կառուցում, ինչու են հենց Ազատեկ գյուղի խողովակները տանում:
«Ես պատրաստ չեմ ձեր հարցին պատասխանել: Լսել եմ, որ խողովակների հետ կապված խնդիր կա, բայց թե ուր են տանում դրանք, տեղյակ չեմ»,- ասաց Գրիգորյանը:
Ազատեկի բնակիչների բողոքից անտեղյակ էր նաև ՀՀԿ-ական պատգամավոր, ծնունդով Վայոց ձորի մարզից Աշոտ Արսենյանը:
«Առաջին անգամ եմ լսում»,- armlur.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:
Թեև Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը պնդում էր, որ չգիտի` ով է հէկ-ի սեփականատերը, սակայն Ազատեկ գյուղի բնակիչ Սևադա Զաքարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ մարզպետարանը խնդրի մասին իրազեկված է:
«Մարզպետարանից մեզ հետ ոչ ոք չի հանդիպել, բայց դրական պատասխան են տվել (նկատի ունի այն, որ իրենց բարձրաձայնած բողոքը ճիշտ են համարում-խմբ.)`ասելով, որ եթե կարող ենք հասնենք մեր նպատակին: Ըստ երևույթին, մարզպետարանի ուժն էլ չի հերիքում հարցին լուծում տալու համար»,-եզրափակեց Սևադա Զաքարյանը:
Հիշեցնենք, տեղեկությունների համաձայն` Վայոց ձորի մարզում 6 փոքր հէկ ունի Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, 3 ՀԷԿ` նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը, երկու ՀԷԿ` Վայոց ձորի նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը: