Նախորդ կառավարության սխալների մասին այսօր խորհրդարանում խոսեց նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` ներկայացնելով նախորդ կառավարության սխալների հինգ եզրահանգում:
Նա հայտարարեց, որ փորձելու է գնահատել արդեն ընկած կառավարության հաշվետվությունը. «Ընկածների մասին հայերենում շատ արտահայտություններ կան` ընկածին չեն խփում, դանակավորներն են շատանում: Սակայն մենք այդ սկզբունքով չենք առաջնորդվի, այլ կներկայացնենք ցուցանիշները», – նշեց նա:
Նա ներկայացրեց իր սենսացիոն եզրահանգումը. «Դա այն հանելուկն է, որ տարբեր առիթներով ասել եմ` 189 մլրդ դրամի խնդիրն է: 2013թ. ավարտին պարզվել է, որ ԿԲ-ի հաշվեկշռին մնացել է այդքան գումար: Մեր հարցադրումներից պարզ դարձավ, որ 75 մլրդ-ը կառավարությանն էր, իսկ մնացածը՝ համայնքներիննը: Եթե այդքան գումար չի ծախսվել 2013թ. ընթացքում, դա արդեն լուրջ է: Մենք թիկունքը բաց երկիր ենք, որը հասել է պարտքի սահմանին»:
Ըստ նրա` շինարարության համար պլանավորված էր 148 մլրդ դրամ, սակայն 73 մլրդ-ը չի ծախսվել, մինչդեռ 0 կատարում է եղել «Որոտան» ՀԷԿ-ի հարցում.
«Ուզում եմ հասկանալ` այդ ծախսերը իշխանությունները չեն կատարել, որովհետեւ ընթացքում որոշել են այն վաճառե՞լ: Այդ դեպքում պետք է դա բերվեր ԱԺ, ու համաձայնեցնեիք մեզ հետ, քանի որ այդ գումարը կարելի էր ծախսել շատ ուղղություններով: Դրանով հարվածել եք ՀՆԱ-ին, հարկահավաքությանը, տնտեսական աճին: Այդ գումարը ուղղեիք սոցիալական ուղղություններին, գիտություն զարգացնեինք, լավ, գոնե չմտնեիք նոր պարտքերի մեջ, բայց չէ, ամբողջ աշխարհով ընկած նոր պարտքեր ենք ման գալիս», – եզրափակեց նա: