ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Արմեն Երիցյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոստացավ, որ իր նախկին մասնագիտական` ոստիկանական մեթոդները չի կիրառելու առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ին ձայներ ապահովելու համար:
-Պարո’ն Երիցյան, ՕԵԿ անդամ Գագիկ Բաղդասարյանը հայտարարեց, որ ինքը ժամանակին պայքարել է, որպեսզի «Օրինաց երկիր» կուսակցությունը ձայներ հավաքի, իսկ Դուք եւ մյուս նախարարները, որ ՕԵԿ-ի համար ոչինչ չեք արել, վայելում եք նախարարի պաշտոնը:
-Ճիշտն ասած, մինչ ՕԵԿ գալը, ես Գագիկ Բաղդասարյանին չեմ ճանաչել. ո’չ քաղաքում` որպես Երեւան քաղաքում ծնված, մեծացած մարդու, ո’չ էլ որպես գործարար կամ առավել եւս որպես քաղաքական գործիչ: «Օրինաց երկիր» կուսակցությունում էլ ես իր հետ այդքան երկար չեմ շփվել, բայց եթե ինքն ինչ-որ արտահայտություններ է արել, դա իր անձնական խնդիրն է: Թող գա, մի հատ երկու օրով գոնե արտակարգ իրավիճակների նախարար աշխատի, տեսնեմ` ոնց է վայելելու: Եթե դա վայելք է, թող գա, աշխատի:
-Իսկապե՞ս ՕԵԿ-ում այդքան վատ է ամեն ինչ, ինչպես նկարագրում էր Գագիկ Բաղդասարյանը, որ մեկը որոշում է կայացնում, մյուսները հլու-հնազանդ կատարում են:
-Ես ձեզ ասեմ, որ մեր բոլոր որոշումները կայացնում ենք կոլեգիալ: Մենք յուրաքանչյուր հինգշաբթի քաղխորհրդի նիստ ենք անում, քննարկում ենք յուրաքանչյուր բարձրացված հարց եւ կոլեգիալ որոշումներ ենք կայացնում: Իրոք ասում եմ էն, ինչ կա:
-Դուք վատ չե՞ք զգում, որ ներկայացնում եք մի կուսակցություն, որը շարունակ վարկանիշի անկում է ապրում: Այս փաստը 2008-ից հետո հրապարակավ խոստովանեց նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
-Ո’չ, բայց ինչո՞ւ է անկում ապրում: Մեր վարկանիշը շատ նորմալ է: Ես մի քանի անգամ ասել եմ, որ ամեն հինգշաբթի կարող եք գալ, տեսնել, թե կուսակցության շարքերն ինչքան մարդիկ են համալրում: Էդ որ ասում են` վարկանիշն իջնում է կամ բարձրանում, համարում եմ բամբասանք: Թող գան, տեսնեն: Բացի այդ, ընտրության արդյունքները ցույց կտան:
-Անձամբ Դուք ի՞նչ եք անելու ՕԵԿ-ի ձայներն ավելացնելու համար:
-Կուսակցության համար աշխատելու եմ:
-Ի՞նչ մեթոդներով:
-Որ կգա ժամանակը, քարոզարշավը կսկսենք, ես երեւի թե կվերցնեմ իմ արձակուրդը եւ բոլոր իմ հնարավորությունները` իմ ընկերներին, բարեկամներին կներգրավեմ: Ես ընկերների շատ մեծ շրջապատ ունեմ, նրանց հետ կաշխատեմ:
-Իսկ ադմինիստրատիվ ռեսուրսների մասին կարծես մոռացաք:
-Ադմինիստրատիվ ռեսուրսները ես երբեք չեմ օգտագործել: Յուրաքանչյուր երկուշաբթի` խորհրդակցության ժամանակ, ես ասում եմ, որ առավոտվա իննից մինչեւ վեցը ոչ մեկը կուսակցության անուն չպիտի տա` կապ չունի, թե որ կուսակցությունից է:
-Հնարավո՞ր է` անցնեք նախկին` ոստիկանական մեթոդներին` ՕԵԿ-ի համար ձայներ աահովելու համար:
-Նախկին ոստիկանական մեթոդները ո՞րն է:
-Այն, ինչն այսօր կիրառվում է ոստիկանության կողմից:
-Ոստիկանապետն իմ ընկերն է, եւ ես գտնում եմ, որ ինքը շատ նորմալ աշխատում է: Իսկ ոստիկանական մեթոդ ասվածը ես ուղղակի չեմ ընդունում: Էսօր ոստիկանի աշխատանքը շատ ծանր եւ դժվար է: Մենք պետք է հարգենք ոստիկաններին, տեղ տանք: Նրանց շատ են քարկոծում, չի կարելի:
-Դուք իսկապե՞ս հակված եք կարծելու, որ Հայաստանում բոլոր թմրամոլները «հանգրվանել են» «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերում: Այո՞:
-Չէ’, չեմ կարծում: Ի սեր Աստծո: Ասեմ, որ հինգ տեսակի թմրամոլներ են լինում հաշվառված: Բայց ասել, որ Բարգավաճում բոլորը թմրամոլ են, չէ’:
շարունակելի