ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ դահլիճում կատարված ապօրինությունները, երբ ՀՀԿ-ական պատգամավորները քվեարկեցին իրենց բացակա ընկերների փոխարեն, բուռն քննարկումների առարկա են դարձել: Չի բացառվում, որ դրան միջամտեն նաեւ իրավապահները, քանի որ ԱԺ օրինագծերի քվեարկությունն, ըստ էության, կեղծվել է:
Բացակա ընկերների փոխարեն քվեարկած պատգամավորները դիտավորությամբ դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակներից: Իսկ դա, ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի համաձայն, համարվում է հանցանք: Քրօր. 309 հոդվածը նախատեսում է, որ պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին, պատժվում է տուգանքով կամ առավելագույնը 4 տարի ազատազրկմամբ:
Ու հիմա Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի ղեկավար Ռուբեն Թորոսյանը դիմել է Հատուկ քննչական ծառայություն` պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել կեղծարար պատգամավորներին:
Ի դեպ, ուրիշի փոխարեն քվեարկելու համար 1999թ. դատախազությունում նյութեր էին նախապատրաստվել: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանն այդ ժամանակ քվեարկել էր ոչ միայն ՀՀԿ բացակա ընկերների, այլեւ Արշակ Սադոյանի փոխարեն: Դրանից հետո Սադոյանը դիմել էր դատախազություն, սակայն Մելիքյանին քրեական պատասխանատվության չենթարկեցին միայն այն բանի համար, որ լուսանկարներում նրա դեմքը չէր երեւում, միայն ձեռքն էր պատկերված: Իսկ ՀՀԿ-ական պատգամավորն էլ հրաժարվել էր` ասելով, թե այդ մարդն ինքը չէ:
Այս անգամ, սակայն, կարծես թե ամեն ինչ լուրջ է. լուսանկարների փոխարեն կան տեսագրություններ: Բացի այդ, այս անգամ խնդիրն աննախադեպ ուշադրություն բեւեռեց, քանի որ նույն ՀՀԿ-ն դրանից ընդամենը 1 օր առաջ ընդունել էր ԱԺ կանոնակարգի փոփոխություններ, որոնց համաձայն` պատգամավորի կողմից ուրիշի փոխարեն քվեարկելու հարցը պետք է քննարկվի էթիկայի հանձնաժողովում:
Երեկ այս հարցն ակտիվորեն քննարկվում էր նաեւ ԱԺ ճեպազրույցների ժամանակ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն, ինչպես միշտ, օրիգինալ էր. իր գործընկերներին մեղադրելու փոխարեն նա այդ մասին բարձրաձայնած «Ժառանգության»-ը նախատեց. «Անհարգելի բացակայությունն ավելի այսպես կարգազանցություն է, քան պատգամավորն իր գործընկերոջ նկատմամբ քվեարկությունը»: Իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նշեց, թե ՀՀԿ-ն իր քայլերով ապացուցեց, որ «իշխող քաղաքական ուժը նույնիսկ սեփական ֆրակցիայի քվեարկությունը կազմակերպել չի կարողանում»: Ավելին, Վահան Հովհաննիսյանի խոսքերով. «Եթե այսօր նրանք կեղծում են ԱԺ քվեարկությունը, ապա կկեղծեն գալիք ընտրությունները»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս