Հ/Կ-ները հաշիվ են պահանջում Սերժ Սարգսյանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հարգելի նախագահ և վարչապետ

Մեր երկրում կուտակված և դեռևս լուծում չստացած բազմաթիվ խնդիրներին վերջին մեկ տարվա ընթացքում շեշտակի ավելացել են նորերը: Ձեր կողմից դրանց ոչ միայն լուծում չտրվեց, այլ նույնիսկ չտեղեկացանք, որ կոնկրետ ծրագրեր են նախատեսվում այդ ուղղությամ և ինչպիսի ծրագրեր: Դրա վառ օրինակներից է վերջերս Աստանայի դեպքի հետ կապված Ձեր՝ Ծաղկաձորի ելույթը պատանիների առաջ: Մի՞թե Դուք կարծում եք, թե այդ լուրջ խնդրի հետ կապված բավական էր պատանիների հավաքել, մի երկու խոսք ասել: Մի՞թե միջազգային հանրությունը, առավել ևս ՀՀ քաղաքացիներն այդ ՛՛իրազեկումը՛՛ պետք է ընդունեն որպես Աստանայում կատարվածին համարժեք պատասխան և ՀՀ-ի դիրքորոշում: Չե՞ք կարծում, որ անհրաժեշտ էր մեծ լսարանում դիվանագիտական ներկայացուցիչների ներկայությամբ բազմասպեկտոր լրագրողների հետ ասուլիս կազմակերպել: Խնդրում ենք անդրադառնալ իշխանություններից մեր սպասելիքներից և հասարակությանը հուզող բազում խնդիրներից ներկայացվող սույն համեստ շարքին.

1. Ի՞նչու մենք, այնուամենայնիվ, գազը գնում ենք ոչ թե Իրանից, այլ ՌԴ-ից: Եթե դա ՌԴ-ի պարտադրանքն է, ապա գուցե մենք կկարողանա՞նք օգնել Ձեզ ազատվել այդ պարտադրանքից: Ի՞նչու Դուք հանրությանը շանս չեք տալիս մասնակցել մեր երկրի առաջ ծառացած խնդիրների լուծմանը: Ասեք մեզ՝ ո՞վ է մեր պաշտոնյաներից ՛՛գազային բանակցություններ՛՛ վարում Իրանի հետ: Մի՞թե մենք միայն Իրանի դեսպանատնից պիտի կիսատ-պռատ տեղեկություններ ստանանք, այն չափով, որ չափով այդ դեսպանատունը հարմար կհամարի: Անցյալ տարի Էներգետիկայի նախարարը հայտարարեց, թե իբր Իրանի գազը թանկ է, իսկ Իրանի դեսպանն այդ ամենը հերքեց` ասելով, որ երբևէ Իրանից գազ ուզող չի եղել և գնի մասին էլ չի խոսվել: Որտե՞ղ է այստեղ ճշմարտությունը՝ աջ, ձախ կողմերում, մեջտեղերում, թե՞ առհասարակ ճշմարտություն այս ամենում չկա:

2.Անցյալ տարվանից ցայսօր բնակչության համար հանելուկ մնաց, թե ինչպե՞ս է, որ սահմանի վրա գազը ստանում ենք կոպիտ 190$, իսկ սպառողին տալիս 380$: Եթե սրան գումարենք բնակչությանը հասնող եվրոպականից 28% ցածր գազի կալորիականությունը, արդյունքում ունենում ենք 500$: Սա Հայաստանի չինովնիկնե՞րի, թե Ռուսաստանի գազպրոմի կամայականությունն է: Ւ՞նչու, վերջապես, իշխանությունները հստակ և բավարար պատասխան չեն տալիս այս խիստ կարևոր հարցին, առավել ևս՝ չեն լուծում այն: Չէ՞ որ սրանով միայն խորացնում են անվստահությունը Հայաստանի իշխանությունների նկատմամբ:

3.Էլեկտրաէներգիայի գինը կրկին ուզում են բարձրացնել: Միայն անցյալ տարի այն թանկացել էր 28%-ով: Սեփականատերը ամբողջ շահույթը սրբում, տանում է առանց ընթացիկ վերանորոգումների և բարելավման որևէ ներդրում անելու: Այդ մասին խոսում են նույն բաշխից ցանցերի մեր բարձրաստիճան աշխատակիցները: Ի՞նչու պիտի հայաստանյան սպառողը անընդհատ լցնի սեփականատերերի գրպաններն՝ առանց որևէ դրական արդյունքի:

4.Ամենակարևոր խնդիրը մնում է ՄՄ և Եվրասիական միություն մտնելու Ձեր որոշումը: Այն փաստարկները, որ դրանք պայմանավորված են ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների գոյությամբ, բացարձակապես որևէ քննադատության չի դիմանում: Բոլոր վերլուծությունները վկայում են, որ Ռուսաստանի հետ ցանկացած ալյանս վտանգավոր է եղել և այժմ էլ ոչ միայն անհեռանկարային է, այլև վտանգավոր: Առաջարկում ենք այս խնդրի շուրջ հրավիրել «այո»-ի և «ոչ»-ի փաստարկներ ունեցող տնտեսագետների և քաղաքագետների քննարկում: Եթե դա արվեր անցյալ տարվա սեպտեմբերի երեքից հետո, այսօր հանրությունն այսքան օտարված չէր լինի Ձեր որոշումներից: Եթե հանրությունը հստակ զգար, հասկանար, թե ինչպիսին է ՌԴ ճնշումը, հնարավոր է՝ հենց հանրության մեջ կծնվեին կամ Ձեզ սատարելու, կամ համատեղ լուծում գտնելու առաջարկներ: Սակայն նույնիսկ այսօր դեռ ուշ չէ, նախաձեռնեք լայն քննարկումներ, քննարկումներն իրենք գուցե կգտնեն ՌԴ ճնշումը թուլացնելու լուծումներ, կամ՝ առնվազն ՌԴ-ի հետ համագործակցության մեջ Հայաստանի համար առավել ապահով ու ճկուն լուծումներ, կամ ա՛յլ երրորդի կողմի հետ համագործակցելու ճանապարհներ: Բոլոր դեպքերում դա կլինի հայաստանյան, ոչ միայն Ձեր որոշումը, և, հավատացեք, մեր բնակչությունը կգնահատի Ձեր անկեղծությունը: Արդյունքում կամ Դուք կաջակցեք մեր հասարակության որոշմանը, կամ հասարակությունը կաջակցի Ձեր որոշմանը: Հիմա Դուք, ըստ էության, միայնակ եք, եթե նույնիսկ Ձեր որոշման համակիրներ ունեք: Անհանբեր սպասում ենք Ձեր պատասխանին և քայլերին:

P.S. Մենք կարծում ենք, որ Ղրիմում տեղի ունեցող «սեփականության ազգայնացման» օրինակով ՌԴ-ն հուշում է Հայաստանին Ռուսգազարդի, բաշխիչ ցանցերի և ատոմակայանի նկատմամբ իրականացվելիք գործողությունները: Մենք, իհարկե, այդպես կոպիտ չենք վարվի, բայց կարելի է վճարել նրանց գնման պահի գինը և ետ վերցնել»:

«Քաղաքացիական դիրքորոշում» Հ.Կ.                                           Գ. Դոստուրյան

«Սպառողների միություն» Հ.Կ.                                                     Ա. Պողոսյան




Լրահոս