Ինչպես և նախատեսվում էր` այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցությունում տեղի ունեցավ ԲՀԿ-ՕԵԿ հանդիպումը: Հանդիպումը նախաձեռնել էր ՕԵԿ-ը իսկ քննարկված հարցերը կապված էին Ընտրական օրենսգրքի և 100 % համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ:
Հանդիպումից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ 100 % համամասնական համակարգի անցումը ԲՀԿ-ի հիմնարար սկզբունքներից է եղել և այս առումով իրենց և ՕԵԿ-ի մոտեցումները նույնական են:
Նրա խոսքով` բոլոր այն հարցերում, որտեղ կտեսնեն համագործակցության եզրեր ՕԵԿ-ի հետ, իրենք պատրաստ են համագործակցության: Պատգամավորը նաև հիշեցրեց, որ բազմիցս այդ մասին խոսել է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ երկիրը կանգնած է այնպիսի լրջագույն մարտահրավերների առջև, որ մեկ կուսակցությունը չի կարող այդ խնդիրները կարգավորել, և անհրաժեշտ է հասարակական-քաղաքական համախմբում:
«Այսօր քննարկել ենք հնարավորությունը, ընդհանուր եզրեր գտնելու դեպքում տարբեր հարցերի շուրջ համագործակցելու հնարավորությունը: Սա նորմալ, աշխատանքային մոտեցում է: Եվ կարծում եմ, որ քառյակն իր աշխատելաոճով նոր մշակույթ բերեց կուսակցությունների հարաբերությունների դաշտ, և հենց այսպիսին պետք է լինեն քաղաքական հարաբերությունները», – հավելեց նա: