ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոստովանել է իր անզորությունը ամերիկյացի լոբբիստների առջև, քանի որ վերջիններս թույլ չտվեցին նրան անցկացնել զենքի վաճառքը սահմանափակող օրինագծերը: Դրանց ընդունումը Օբամայի նախընտրական ծրագրի կետերից մեկն էր: Նա խոստացել էր, որ ամեն բան կանի, որ զենքը չընկնի «հանցագործների և հոգեկան հիվանդների ձեռքը»:
«Իմ ամենամեծ հիասթափությունն այն է, որ հասարակությունը չկարողացավ իր վրա վերցնել այն մարդկանցից զենքը հեռու պահելու պարտականությունը, որոնք կարող են անուղղելի վնաս հասցնել: Մենք միակ զարգացած երկիրն ենք, որտեղ դա տեղի է ունենում, ընդ որում` ամեն շաբաթ: Զենքի օգտագործմամբ բռնությունների մակարդակը մեզ մոտ ուղղակի չափազանց մեծ է», – ասել է Օբաման ուսանողների հետ զրույցում:
Սպիտակ տան տիրոջ խոսքով` բռնությունն ԱՄՆ-ում սովորական բան է դառնում. ԱՄՆ-ի նախագահին մեջբերում է gazeta.ru-ն:
Պատահական չէ, որ Բարաք Օբաման խոսել է զենքի մասին: Իր ելույթից մի քանի ժամ առաջ Օրեգոնա նահանգում հերթական «դպրոցական գնդակահարությունն» է տեղի ունեցել: Դեռահասը սպանել է համադասարանցուն, վիրավորել ուսուցչին, հետո` ինքնասպան եղել:
Անցած շաբաթ նման գնդակահարություն է եղել նաև Սիեթլում, այնտեղ մի մարդ զոհվել է, երկուսը` վիրավորվել: Ավելի վաղ Կալիֆորնիայում հրաձիգի զոհ է դարձել 5 մարդ, իսկ մարդասպանն ինքնասպան է եղել: