ԿՈՆԳՐԵՍԻ ՑՈՒՑԱԿԸ` ԸՆՏՐՈՂԻ ԱՉՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսը հաջորդ շաբաթ շարունակելու է համամասնական ցուցակի շուրջ քննարկումները. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Կոնգրեսի անդամ ոչ բոլոր կուսակցություններն են ներկայացրել ցուցակի կազմման վերաբերյալ իրենց մոտեցումները:
Ակնհայտ է, որ 18 կուսակցություններից կազմված դաշինքի համամասնական ընտրացուցակը կազմելը բավական դժվար է լինելու, եւ պատահական չէ, որ ավելի քան 3 շաբաթ ՀԱԿ-ում այս հարցը վերջնական լուծում չի ստացել: Ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի` ՀԱԿ-ն ունի իր նրբությունները: Կոնգրեսում, բացի 18 կուսակցություններից, կան նաեւ անկուսակցականներ, նախկին քաղբանտարկյալներ, որոնք եւս պետք է լինեն համամասնական ցուցակում, ընդ որում, ՀԱԿ որոշ կուսակցությունների նախագահներից էլ բարձր տեղում` հաշվի առնելով համաժողովրդական շարժման մեջ նրանց ունեցած ներդրումները: Այնպես որ, ՀԱԿ-ում դեռեւս քննարկվում են ցուցակը կազմելու սկզբունքները: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` օրակարգում քննարկվում է մի քանի հիմնական սկզբունք: Օրինակ` առաջարկվել է համամասնական ցուցակը կազմել ըստ կուսակցական պատկանելության` առաջնային տեղերը հատկացնելով 18 կուսակցությունների ղեկավարներին: Մեկ այլ տարբերակի համաձայն` ցուցակի առաջնային համարներում պետք է լինեն հասարակությանը հայտնի գործիչներ, որոնք մեծ ներդրում են ունեցել համաժողովրդական շարժման մեջ: Ընտրացուցակի առաջնային համարներում տեղ գրավելու նախադրյալ է նաեւ նրանց` քաղբանտարկյալ եղած հանգամանքը: Հիմա ՀԱԿ շտաբի եւ քաղխորհրդի նիստերում փորձ է արվում գտնել այս բոլոր սկզբունքների ոսկե միջինը, ինչը, սակայն, այնքան էլ հեշտ չէ: Ավելին, մեր տեղեկություններով` փոքր կուսակցությունները, ինչպիսիք, օրինակ, «Ազգային վերածնունդ»-ը, «Կանաչների կուսակցություն»-ը, «Հայոց հայրենիք»-ը, ցանկանում են, որ համամասնական ցուցակը կազմվի հենց կուսակցական պատկանելության սկզբունքով: Սա թույլ կտա, որպեսզի նրանց ղեկավարները հեշտությամբ դառնան պատգամավոր, մինչդեռ տվյալ դեպքում անարդար կլինի անկուսակցական գործիչների, նախկին քաղբանտարկյալների հանդեպ: Համենայնդեպս, Լեւոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վլադիմիր Կարապետյանը,  Մյասնիկ Մալխասյանն ու շատ-շատերն այս տարիների ընթացքում շատ ավելին են արել, քան վերոհիշյալ կուսակցությունների նախագահները:
Կոնգրեսի համամասնական ցուցակի կազմման հարցում կա եւս մեկ նրբություն. ՀԱԿ խոշոր կուսակցությունները, ինչպիսիք են ՀԺԿ-ն, «Հանրապետություն»ը, ՀՀՇ-ն, ունեն բավական թվով առանցքային ներկայացուցիչներ, նախկին քաղբանտարկյալներ, որոնք եւս պետք է լինեն անցողիկ համարներում: Ու հիմա այդ կուսակցություններն իրենց ցուցակները պետք է ներկայացնեն Կոնգրեսի քաղխորհրդի քննարկմանը: ՀԱԿ համամասնական ցուցակը պետք է կազմվի` հենց այս բոլոր նրբությունները հաշվի առնելով:
Նշենք, որ քանի դեռ ՀԱԿ-ը չի ձեւավորել իր ընտրացուցակը, իշխանություններն այս օրերին ողջ ծավալով գործի են դրել «մուտիլովկաների» մեխանիզմը` տարբեր միջոցներով այս կամ այն կոնգրեսականի ականջին շշնջալով, թե նրա անունը կա’մ չկա ընտրացուցակում, կա’մ լինելու է վերջին տեղերում` այդ կերպ փորձելով ՀԱԿ-ում խժդժություններ առաջացնել:
ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանի խոսքերով` իրենց կուսակցությունը դեռ վերջնականապես չի ձեւավորել իր առաջարկը. դեռ քննարկում են: Իսկ մինչեւ ՀԱԿ-ին ներկայացնելը, պարոն Մակեյանը չցանկացավ մանրամասնել` համամասնական ցուցակը կազմավորելու կոնկրետ ինչ սկզբունք են առաջարկում: «Ի մի ենք բերելու քաղխորհրդում հնչած դիրքորոշումներն ու հնարավորինս մոտեցնելու ենք բոլոր սկզբունքները»,-ասաց Մակեյանը: Իսկ ՀԱԿ-ին կներկայացնեն հավանաբար չորեքշաբթի: ՀՀՇ-ն եւս ավարտուն տեսքի չի բերել իր ցուցակը: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը կարծում է, որ ՀԱԿ համամասնական ընտրացուցակը պետք է կազմել մեկ սկզբունքով. «Ցուցակին պետք է նայել ընտրողի աչքերով. նրան այնպիսի անուններ պետք է տաս, որ ոգեւորված լինի ու ցանկանա քվեարկել: ՀՀՇ-ի համար ելման կետն ընտրողն է»: Մանուկյանը նաեւ տեղեկացրեց. «Մի քանի սկզբունքներ են քննարկվում. ղեկավար կազմի` վարչության անդամ լինելը, Շարժման ընթացքում ունեցած ներդրումը, հեղինակությունը, որքանով այդ մարդը կարող է ձայն բերել իր տեղամասում: Այսինքն` բոլոր գործոնների գումարման արդյունքում է ՀՀՇ-ն կազմում իր ցուցակը»:
Ի դեպ, վերջերս «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել էր, թե ճիշտ կլինի, եթե ՀԱԿ համամասնական ցուցակը կազմի անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանն` իր վրա վերցնելով «սուբյեկտիվ որոշման ծանր բեռը»: «Բոլոր կուսակցությունները պետք է ներկայացնեն իրենց առաջարկները, իրենց մոտեցումները: Բնականաբար, այդ ցուցակը պետք է ղեկավարի Լեւոն Տեր-Պետրոսյանը, բնականաբար, նա իր կարծիքն ու մոտեցումները պետք է ունենա եւ ներկայացնի այդ ցուցակի վերաբերյալ: Սա ոչ թե իրար խանգարող, այլ իրար լրացնող մոտեցում է»,-ասաց ՀՀՇ նախագահը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս