Կառավարության բացատրությամբ` 1-ին եռամսյակը սկսվում է դեկտեմբերից. Ա. Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հարց ուղղելով կառավարությանը, նշեց, որ իրենք չեն հասցնում նրանց որոշումների հետևից հասնել և բացահայտել:

«Գազը, հոսանքը, Սևանը, կասկադը, իսկապես չի հերիքում: Մենք գազի հանձնաժողովում նայում էինք գազի թանկացման արդյունքում էլեկտրական հոսանքի թանկացման հիմնավորվածությունը, որովհետև ունենք պաշտոնական թիվ, որ գազի թանկացումը 1,2 դրամով պետք է թանկացներ հոսանքը:

Սա էինք քննարկում, հանկարծ նոր գույժ եկավ, որ 4 դրամ էլ դրա վրայից ավելացավ: Դեռ հինը չենք հասցրել, իսկապես տեմպի խնդիր կա, էնքան արագ եք հասցնում, որ գալիս է հինը ծածկում: Հիմա այդ նույն բանը գազի հետ կապված ես ճշտելու կարիք ունեմ»,- ասաց Արամ Մանուկյանը:

Նա տեղեկացրեց, որ բացում է մաքսային տարեկան հաշվետվությունը և առաջին եռամսյակի հաշվետվության թվերի մեջ տեսնում է, որ Հայաստանը ստացել է Ռուսաստանից 545 մլն խմ գազ, որի մաքսային արժեքը կազմում է 186 մլն դոլար:

«Զանգում եմ պատկան մարմիններին ասում են բացառվում է այդպիսի բան, հնարավոր չէ նման բան: Լինքը ուղարկում եմ, ասում եմ` բացեք այս տեքստը, ասում եմ` իսկ կարող ա դա անցյալ տարվա երեք հարյուր միլիոն դոլարի որ ունեինք, դրանով է գնում, կառավարությունում չգիտեն` ինչ է կատարվում: Հետո հնչում է տարօրինակ բացատրություն, որ առաջին եռամսյակ գրվածը նշանակում է դեկտեմբեր-հունվար փետրվար: Առանց մի բառ գունավորելու եմ ասում, պաշտոնական թվերի մեջ, հաշվետվությունների մեջ 2014 թվականի առաջին եռամսյակ նշանակում է դեկտեմբեր, հունվար, փետրվար»,- ասաց Արամ Մանուկյանը և հավելեց, որ Գրիգորյան տոմարով չկա առաջին եռամսյակը դեկտեմբերից:

Կառավարությունը որոշեց, որ Արամ Մանուկյանի հարցին կպատասխանեն գրավոր:




Լրահոս